Ֆրանսիայի հայ համայնքը շարունակում է բազմամարդ բողոքի ցույցեր անցկացրել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Այս անգամ բազմամարդ ցույց էր անցկացվում Փարիզում Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ` դատապարտելով Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը: Ցույցին մասնակցում էին ինչպես հայ համայնքի ներկայացուցիչներ, ֆրանսահայ հայտնի գործիչներ, այնպես էլ ֆրանսիացի քաղաքական գործիչներ, եզդիական, հունական, եգիպտական և իրաքի համայնքի ներկայացուցիչներ:
Մուրադ Փափազյան (Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ) - Հոս եկած ենք որպեսզի դատապարտենք, քննադատենք և հանրային ձևով ցույց տանք, որ Թուրքիան կմասնակցի ոչ միայն ջիհադիստներով, ոչ միայն 150 մասնագետներով, որ ղրկեց Բաքու, բայց նաև Էրդողանը ինքը հայտարարած է, որ պետք է վերջացնենք գործը, որ սկսած էինք 1915-ին: Պետք է աշխարհին ցույց տանք, թե որն է Թուրքիայի ճիշտ դիմագիծը, և սևացնենք, իրականության մեջ իրենք լրջորեն կխախտեն ՆԱՏՕ-ի օրենքները, ՄԱԿ-ի օրենքները և ընդհանրապես միջազգային ընտանիքի օրենքները:
Ցույցի ընթացքում մասնակիցները պարզել էին «Արցախը մերն է», «Էրդողան ահաբեկիչ», «Հայաստան Արցախ, Սփյուռք միություն» գրություններով պաստառներ, առավել սաստիկ էին ցույցի մասնակիցների բարձրաձայն վանկարկումները:
Արա Թորանյան (Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ) - Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի կասեցնենք Էրդողանին: Ալիևը խամաճիկ է, որին կառավարում է Թուրքիան՝ Էրդողանը ցանկանում է կատարել իր վաղեմի երազանքը՝ լուծել հայկական հարցը, մենք դա թույլ չենք տա:
Իսլամագետ Բասսամ Թահանը արդեն երկար տարիներ Սորբոնի համալսարանում դասախոսություններ է կարդում, ասում է՝ այս պատերազմը քրիստոնեությունը ճնշելու, արմատախիլ անելու պատերազմ է նաև:
Բասսամ Թահան (իսլամագետ) - Ես Հալեպից եմ: Էրդողանն արդեն ուղարկել էր իր հպատակներին՝ ոչնչացնելու Հալեպի հայկական թաղամասը՝ Ալ Մեդան, հիմա նա կանգ չի առնում և իր ահաբեկիչներին է ուղարկում, որպեսզի վերացնեն Արցախը: էրդողանը ստեղծում է ցեղասպանական մի մեքենա, որը պետք է շրջի ամբողջ աշխարհում և ցեղասպանության ենթարկի հայերին և քրիստոնյաներին: Մենք հոգնել ենք հայտարարություններից, Եվրոպան և միջազգային կառույցները պետք է հստակ հակահարված տան, եթե չեն ցանկանում հայտնվել Էրդողանի ցեղասպան աղացի մեջ: Կիլիկիայում մեզ Ֆրանսիան լքեց, այժմ պահն է, որպեսզի քաղի իր այդ մեղքը մեր նկատմամբ ու ապահովագրի իրեն և աշխարհին: Եվ, ի վերջո, պետք է վերհանել Վիլսոնի իրավարար վճիռը և Սևրի պայմանագիրը:
Ցույցի մասնակիցները Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էին պատժամիջոց կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, սառեցնել ֆրանսիայում Ալիև ընտանիքի բանկային հաշիվները, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին կոչ արեցին թղթի վրա գրված հայտարարություններից անցնել գործի, իսկ ահա հարևան Գերմանիային հորդորեցին դադարեցնել ջայլամի քաղաքականությունը և լռությամբ չնպաստել Էրդողանի ծրագրերի խրախուսմանը:
Պատրիկ Կարամ (Իլ դը Ֆրանսի շրջանի խորհրդի փոխնախագահ) - Եվրամիությունը պետք է պատասխանատվություն ստանձնի, նա չի կարող շարունակել բանակցել Թուրքիայի հետ, Թուրքիայի տեղը Եվրոմիությունում չէ: Նա չպետք է 1 կամ երկու միլլիոն եվրո տրամադրի Թուրքիային, քանի որ Թուրքիան շանտաժ է անում: Նա չպետք է ընդունի, որ այսօր Թուրքիան մտնի Սիրա, Լիբիա, Հունաստան և ամենուրեք ավերածություններ գործի: Պետք է Ադրբեջանին և Թուրքիային տնտեսական շրջափակման ենթարկել: Այս պատերազմը միայն հայերի դեմ չէ, այն արևելքի քրիստոնյաների դեմ է: Թուրքիան սնում է դաեշի ջիհադիստներին, որպեսզի նրանք կեղեքեն քրիստոնյաներին, այս խաղն արդեն պետք է ավարտվի: Թուրքիան ցանկանում է Թուրան ստեղծել որն իր մեջ կներառի Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենիստանին, սա Էրդողանի աննորմալ գաղափարն է:
Ցույցին մասնակցում էին այլ հույն, քուրդ և եզդի համայնքների ներկայացուցիչներ ևս:
Սուրեն Բադայան (Եզդիական համայնքի ներկայացուցիչ) - Պետք լինի՝ մինչև Բաքու էլ կգնանք, պետք լինի՝ այսօր էլ այստեղ մեր գործերը կթողնենք Հայաստան կգնանք․
Քալաշ Գնդոյան (շեյխ) - Ինչպես 100 տարի առաջ, հիմա ևս ոսոխը փորձում է իր թշնամությունն անել, բայց մենք մի բռունցքի նման կանգնած ենք: Ինչպես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ցեղասպանության ժամանակ, հայ և եզդի ազգը ունեցել են նույն ճակատագիրը, բայց մենք միասին կանգնած ենք, մեր գործն արդար է:
Դանիել Օգյուստ (Իրաքի քրիստոնյաների կոմիտեի նախագահ) - Պետք է հասկանալ, որ սա միայն տարածքային խնդիր չէ, երեկ ադրբեջանցիները, այսինքն՝ թուրքերը, քանի որ նրանք ինձ համար նույնն են, հարված հասցրին Շուշիի եկեղեցուն, ասել է թե՝ հարված հասցրին քրիստոնեությանը. սա պատահական չէր: Մեզ համար այլևս անընդունելի են հայտարարությունները, պետք է շատ արագ միջազգային ընտանիքը հակահարված տա:
Փարիզում հաջորդ բողոքի ցույցը Ֆրանսիայի հայ համայնքը նախատեսում է անցկացնել Ազգային ժողովի առջև: Համայնքը պահանջելոու է ճանաչել Արցախի անկախությունը: