Վաշինգտոնում տարիներով այսքան հայաշատ միջոցառում չէր եղել։ Տասնյակ նահանգներից հազարավոր հայեր Սպիտակ տան դիմաց էին մի քանի ժամ։ Ոստիկանությունը փակել էր հարակից փողոցները։
«Ամո՛թ Ալիևին», «Ամո՛թ Էրդողանին», «Վե՛րջ տվեք ադրբեջանական բռնություններին» և այլ կարգախոսներ թնդացնում էին տարածքը։ Մինչև ուշ ժամը մեքենաներով տարբեր նահանգներից շարունակում էին ցույցի վայր գալ հայերը։
«Ես Ռոդ Այլենդից եմ, բայց արմատներով արցախցի եմ։ Ժամանակին այստեղ եկանք որպես փախստական Բաքվի ջարդերի պատճառով։ Հիմա նույնն ուզում են Արցախո՞ւմ անել»։
Լոս Անջելեսից ժամանողների թվում Վուդրո Վիլսոնի ժառանգության հիմնադրամի տնօրենն է։ Դոնալդ Վիլսոն Բուշը, որ արտաքնապես էլ հիշեցնում է հարյուր տարի առաջ հայերին սատարած նախագահ Վուդրո Վիլսոնին, նրա շառավիղներից է։
Դոնալդ Վիլսոն Բուշ (Վուդրո Վիլդսոն հինադրամի տնօրեն) - Ինչ հարյուր տարի առաջ արեց իմ զարմիկ Վուդրո Վիլսոնը, պետք է այսօր անի նախագահ Թրամփը, և շատ արագ, ժամանակն անցնում է։
Մարիամ Խալոյան (ԱՄՆ Հայկական համագումարի պատասխանատու) - Այս վարչակազմից պահանջում ենք իսկույն ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ հրադադարը վերականգնելու ուղղությամբ։