ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Օրինագծով նախատեսված է ամբողջականացնել և հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել օրինագծի՝ լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին առնչվող փոփոխություններից:
«Հատուկ լրատվամիջոցների ներկայացուցիչների, սոցկայքերի օգտատերերի ու հրապարակային գործունեություն ծավալողների համար.
700 հազարից 1 մլն դրամի չափով տուգանք լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելու, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելու դեպքում։
300 հազարից 700 հազար դրամի չափով տուգանք լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելու դեպքում։
Ռազմական դրության կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողի համար նախատեսվում է 1մլն-ից 1,5 մլն դրամի, լրատվական գործունեություն չիրականացնողի համար 700 հազարից 1 մլն դրամի չափով տուգանք»,- մանրամասնել է Հովհաննիսյանը։