Ֆրանսիացի լրագրողի՝ վարչապետ Փաշինյանին ուղղած հենց առաջին հարցը հրադադարի մասին է։ «Թիվիսընքմոնդի» մեկնաբանը հետաքրքրվում է՝ արդյոք 12-օրյա մարտերից հետո այս երեկո Հայաստանի ղեկավարը Ղարաբաղում հրադադարի կո՞չ է արել։ Փաշինյանն արձագանքում է հստակ, նկատում, որ Ղարաբաղի հայությունն այժմ ցեղասպանության վտանգի առաջ է, առերեսվում է ահաբեկչական հարձակման հետ, և այս իրավիճակում իր կոչը միջազգային հանրությանը այլ բանի մասին է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այս պահին Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի առաջ է, ցեղասպանության վտանգի առաջ և առերեսվում է ահաբեկչական հարձակման հետ: Այսօր խաղաղ քաղաքները, քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, հրթիռակոծվում են ըստ էության շուրջօրյա: Եվ այս իրավիճակում, երբ Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի և ցեղասպանության վտանգի առաջ, իմ կոչն այն է, որ նախ եվրոպական հանրությունը, միջազգային հանրությունը դատապարտի ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական հարձակումը:
Փաշինյանը կրկին ընդգծում է՝ լայնածավալ պատերազմն Ադրբեջանը սկսել է Թուրքիայի քաջալերմամբ և անմիջական մասնակցությամբ: Թեման շարունակելով՝ ֆրանսիական հեռուստաընկերության լրագրողը հետաքրքրվում է՝ արդյոք կա՞ն ապացույցներ, որ թուրքիան ցեղասպանություն է պլանավորում։ Վարչապետն արձագանքում է՝ թուրքիան Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան։
Նիկոլ Փաշինյան - Այն, ինչ տեղի է ունենում հիմա Ղարաբաղում հենց դրա վկայությունն է, այլապես ինչի՞ համար են եկել ահաբեկիչները Ղարաբաղ, իսկ ինչի՞ համար են շուրջօրյա հրթիռակոծվում խաղաղ բնակավայրերը: Եվ ես ասում եմ, որ հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը:
Ընդ որում՝ ինձ համար ակնհայտ է, որ դա ունի կոնկրետ աշխարհաքաղաքական պատճառ, որովհետև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհի վերջին խոչընդոտն են՝ շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք: Եվ սա պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում Հունաստանի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, այն քաղաքականության, որ վարում է Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, և սա թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է: Եվ ըստ էության, ես համոզված եմ, որ հենց այս հարցն է լուծվում Հարավային Կովկասում:
Վարչապետը կրկին շեշտում է՝ այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի այն, որ միջազգային հանրությունը և եվրոպական երկրները իրենց մեջ ուժ գտնեն, վճռական քայլ անեն ու ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նման ակնկալիք Փաշինյանն ունի նաև Ֆրանսիայից։
Նիկոլ Փաշինյան - Կարող եմ ուղիղ ասել՝ ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում այդ մտահոգությունները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի: Բայց որը նաև իր ահաբեկչական ճառագայթները և իր ահաբեկչական ալիքները կարող է տարածել մեր տարածաշրջանում ավելի լայն իմաստով: Եվ իհարկե, սա ուղիղ սպառնալիք է գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և քաղաքականությունը։
Հարցազրուցավարը նաև հետաքրքրվում է տարածաշրջանում Ռուսաստանի դերով, նկատում՝ Դաշնությունը առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ըստ նրա՝ ադրբեջանցիների համար Պուտինը դժվար հասանելի է, բայց Փաշինյանի հետ կապի մեջ է: Մեկնաբանն ուղիղ է հարցնում՝ ինչ է Փաշինյանը խնդրել Ռուսաստանի նախագահից:
Նիկոլ Փաշինյան - Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի նախագահի հետ, և Ռուսաստանն այստեղ մի քանի դերակատարում ունի: Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր է, և երկրորդ՝ Ռուսաստանն ունի որոշակի անվտանգային պարտավորություններ: Հայաստանը և Ռուսաստանն ունեն անվտանգային ոլորոտում ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Այս առումով, Ռուսաստանն անվտանգային որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և երեկ էլ Ռուսաստանի նախագահը հրապարակային հայտարարեց, որ Ռուսաստանն ըստ անհրաժեշտության իր անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կկատարի:
«Թիվիսընքմոնդի» մեկնաբանը մեջբերում է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Ղարաբաղի տարածքներն օկուպացնելու պնդումները: Ըստ լրագրողի՝ այդ երկրները հղում են միջագզային իրավունքին, նշում ՄԱԿ-ի բանաձևերը։ Փաշինյանն արձագանքում է՝ շատերն են խոսում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մինչև 1993 թվականն ընդունված բանաձևերի մասին, բայց ոչ բոլորն են ուշադիր կարդացել, թե ինչ է գրված այդտեղ։
Նիկոլ Փաշինյան - Այդ բանաձևերում գրված է, որ Ադրբեջանը, խախտելով զինադադարի միջազգային պայմանավորվածությունը, դրա արդյունքում ունեցել է տարածքային կորուստներ, որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ստիպված են եղել պաշտպանվել, այսինքն՝ արձագանքել հրադադարի այդ խախտմանը: Շատերն ասում են, մեջբերում են Հայաստանին այդ համատեքստում, բայց Հայաստանի ներգրավվածության մասին Անվտանգության խորհրդի բանաձևերում որևէ բան գրված չէ:
Ես էլի ուզում եմ ընդգծել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թվականին, շատ կոնկրետ օպերատիվ իրավիճակում և վերաբերել են հենց այդ կոնկրետ օպերատիվ իրավիճակին: Իսկ դրանից հետո ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային ֆորմատը, և ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասին է խոսքը, որը որոշակի բանաձև է առաջարկել, աշխատանք է իրականացրել հարցի կարգավորմանը հասնելու համար: