Պարգև սրբազանը, Արցախի տեղեկատվական շտաբում հրավիրված ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով երեկ բարբարոս թշնամու կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը, ասաց, որ մեզ hամար թշնամու ձեռագիրը նորություն չէ, թշնամին նույնն է, 30 տարում չի փոխվել։
«90-ական թվականներին նրանք նորից թիրախավորել էին Գանձասարը, վնասել էին Ամարասը։ Նույնիսկ Գյուլիստանի մեր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, երբ մեր շահումյանցիներից ոմանք չեն հասցրել փախչել, 7 հոգու գլուխը կտրել, գցել են խորանի վրա և գմբեթը պայթեցրել են:
Նույն ձեռագիրն է. բարբարոսների, ահաբեկիչների ձեռագիր։ Տեսնում ենք, որ ահաբեկիչները հոգևոր, մշակութային բոլոր կոթողներն ավերում են, բարբարոսներ են. սա մեզ համար հասկանալի ու ընկալելի է։ Մենք մզկիթներին ձեռք չենք տվել, նույնիսկ Շուշիի մզկիթը մեր կարողությամբ վերանորոգել ենք»,- ասաց Սրբազանը՝ մի պահ դադար տալով, որ ճեպազրույցին ներկա լրագրողները լսեն, որ հենց այդ պահին էլ քաղաքը հրթիռակոծվում է:
Հարցին ի պատասխան՝ կկարողանա՞նք վերականգնել եկեղեցին, Պարգև սրբազանը նշեց՝ ոչ միայն եկեղեցին, այլև վնասված բոլոր քաղաքներն ու գյուղերն են վերականգնվելու։
«Հիշում եք՝ Շուշին ավերված, Ստեփանակերտը 70 տոկոսով ավերված էր 1992-1993 թթ.։ Բայց մենք նորոգեցինք, վերականգնեցինք, գեղեցկացրինք, կարծես մի նոր քաղաք եղավ։ Անելու ենք, մեկ է, փյունիկի պես վեր են հառնելու մեր քաղաքն էլ, երկիրն էլ, մեր ազգն էլ, մեր հայրենիքն էլ։ Դրա մեջ կասկած չկա։ Համազգային ուժով կվերականգնենք»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը։