Իսրայելական The Jerusalem Post-ը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի և նմանատիպ այլ հակամարտությունների շուրջ ստեղծված տարակարծության վերաբերյալ՝ նշելով, որ հակամարտություններում ներգրավված տարբեր երկրների դիրքորոշումները հետևողական չեն: Ըստ պարբերականի՝ այդ պետությունները միջազգային իրավունքի պահանջներն օգտագործում են, երբ դա իրենց ձեռնտու է:
Այս առումով միջազգային իրավունքի անհամապատասխանությունն այն է, որ Թուրքիան պնդում է, թե սատարում է այս պատերազմը մղելու Ադրբեջանի իրավունքը` գրավյալ տարածքը վերադարձնելու համար: Միաժամանակ, Անկարան աջակցում է Հյուսիսային Կիպրոսին, որն ապօրինաբար գրավեց 1974 թվականին: Թուրքիան նաև ներխուժեց ու ապօրինաբար գրավեց Սիրիայի հյուսիսային այն շրջանները, որտեղ քրդեր են ապրում, օրինակ՝ Աֆրինը: Ըստ լրատվամիջոցի՝ Անկարայի կարծիքով՝ ռազմական գործողության վերաբերյալ միջազգային իրավունքը տարածվում է միայն որոշ պետությունների վրա, բայց ոչ իր քաղաքականության:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Անկարան Հյուսիսային Կիպրոսը ճանաչել է որպես երկիր և հարց է տալիս, թե ինչո՞ւ է Թուրքիան կարծում, որ Հյուսիսային Կիպրոսը պետք է իրավունք ունենա անկախ պետություն դառնալու, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերը չեն կարող ունենալ անկախ Արցախի Հանրապետություն: Նույն տրամաբանությունն ընկած է Հայաստանի հայտարարության հիմքում. Հայաստանը ցանկանում է պաշտպանել Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերին: