Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմական դրության ընթացքում միջոցառումներն ապահովելու տեսանկյունից մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել և հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը:
-
Ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ:
-
Վարչական պատասխանատվություն է սահմանվում ազատ տեղաշարժվելու իրավունքի, ֆինանսատնտեսական գործունեության, ապրանքների շրջանառության, պարետային ժամի, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները խախտելու դեպքում:
-
Անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգրավելուց կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելու դեպքում:
-
Ռազմական դրության ժամանակ գործադուլներ, հավաքներ կազմակերպելու, մասնակցելու և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելու համար:
-
Կազմակերպությունների կողմից առաջնահերթ առաջադրանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
-
Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությունը խոչընդոտելու համար:
Արդարադատության նախարարը ներկայացրեց, որ պատասխանատվության առավել մեծ չափ է նախատեսվում սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելուց հետո կրկին կատարելու համար, իսկ կազմակեպության կողմից որոշակի սահմանափակումները վարչական տույժ նշանակելուց հետո կրկին կատարելու համար որպես տույժ նախատեսվում է տնտեսական գործունեության կասեցումը:
«Առաջարկվող նախագծով սահմանվել են նաև վարչական պատասխանատվություն կիրառելու համար պատասխանատու մարմինները: Այդ մարմիններն են ոստիկանությունը, առողջապահական, սննդամթերքի, անվտանգության, շուկայի վերահսկողության տեսչական մարմինները:
Եթե Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հստակ կանոնակարգում էր արտակարգ դրության ընթացքում միջոցառումները խախտելու համար նախատեսված պատասխանատվությունները, ռազմական դրության դեպքում դա բաց է մնում: Նման կարգավորումը անհրաժեշտություն է»,- ասաց Բադասյանը՝ նշելով, որ առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարքների համար նախատեսվելու է քրեական պատասխանատվություն՝
-
Ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությանը խոչընդոտելու համար, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ:
-
Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյուքնում կասեցված գործուենեության իրականացումը շարունակելու համար:
-
Ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար, եթե այդ արարքը վնաս է հասցրել պետության անվտանգության շահերին: