Իոանիս Լագոս (Եվրախորհրդարանի պատգամավոր, Հունաստան) - ԼՂ-ում տեղի ունեցողը Հայոց ցեղասպանության շարունակությունն է: Որքա՞ն է ԵՄ-ն շարունակելու հանդուրժել Թուրքիայի այս գործողությունները: Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, իսկ այն ռմբակոծում է դիրքերը Հայաստանում, ԼՂ-ում: Մարդիկ ուզում են ապրել ԼՂ-ում, և նրանք այս պահին հարձակման են ենթարկվել: Մենք պետք է հստակ դեր կատարենք, պատժամիջոցներ կիրառենք Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, մյուս կողմից՝ աջակցենք Հայաստանին: Ես նաև հայտարարել եմ, որ պատրաստ եմ միանալու հայկական բանակին որպես կամավոր՝ Ադրբեջանի դեմ կռվելու համար:
Անդրեաս Շիդեր (Եվրախորհրդարանի պատգամավոր, Ավստրիա) - Չկա ռազմական լուծում, անհրաժեշտ է անհապաղ զինադադար, պետք է վերադառնալ բանակցությունների, ԵԱՀԿ Մինսկի խումբն է հիմնական հարթակը:
Բեռնարդ Գուետա (Եվրախորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա) - Հակամարտությունը մեզ հիշեցնում է Հայոց ցեղասպանությունը, որը ժխտվում է Թուրքիայի կողմից: Մենք հիշում ենք հայերի ցավը, բայց Ստալինը գծեց սահմանները նախկին ԽՍՀՄ տարածքում այնպես, որ յուրաքանչյուր հանրապետություն ունենա փոքրամասնություն: Հիմա պետք է վերադառնալ բանակցությունների:
Պիտեր վան Դալեն (ԵԺԿ, Նիդեռլանդներ) - Պետք է մեր աչքերը բաց լինեն. բռնապետ Էրդողանն ուզում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, շատ զոհեր կան, ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Անկարայի ռեժիմի նկատմամբ: Արդեն բառեր պետք չեն: Ես հայ ժողովրդի կողքին եմ, նրանք վերապրել են Հայոց ցեղասպանությունը:
Էվին Ինչիր (Եվրախորհրդարանի պատգամավոր, Շվեդիա) - Հակամարտությունը շատ երեխաներից է խլել խաղաղության մեջ ապրելու հնարավորությունը: Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: Չկա ռազմական լուծում, ցավալի է տեսնել, որ Թուրքիան վարձկաններ է տեղափոխում: Ի՞նչ է անում ԵՄ-ն, և ինչպե՞ս պետք է շարունակվեն հարաբերությունները Թուրքիայի հետ, որն այսքան խնդիր է ստեղծում հարևան երկրներում: