ՀՀ ԱԺ փոխնաագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: Ալիևը, հիշեցնենք, ասել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները դադարել են, երբ նա ասել է՝ Արցախը Հայաստան է, և վերջ, իսկ նախորդ իշխանության հետ իրենք առաջընթաց էին ունեցել բանակցություններում և քննարկում էին հիմնականում տարածքային ամբողջականության հարցեր:
«Սա նշանակում է, որ նախորդ իշխանությունները չեն բացառել տարածքների վերադարձը, և դա շատ հարմար է եղել Իլհամ Ալիևին: Դրա մասին բազմիցս խոսվել է: Դրա մասին նույնիսկ իր հարցազրույցում խոսել է Սերժ Սարգսյանը, և ես կարծում եմ՝ հայ ժողովուրդը պետք է միայն ուրախ լինի, որ Ալիևի համար Փաշինյանը հարմար բանակցող չէ, որովհետև Փաշինյանը ներկայացնում է և ներկայացնելու է հայ ժողովրդի շահերը և հայ ժողովրդի հարմարավետությունը»,- ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ սպասել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ռուսատանում նախատեսվող հանդիպումից, Սիմոնյանը նշեց, որ ՌԴ-ն հումանիտար առաջարկ է արել:
«Սա շատ կարևոր է: Եվ երկրորդ արձանագրումը, որը շատ կարևոր է. մենք այսօր գտնվում ենք պատերազմի մեջ թուրք-ադրբեջանական զինված ուժերի և քաղաքական ուժերի դեմ: Սա ամենակարևոր արձանագրումն է, որ մենք պետք է գիտակցենք, և մեր քաղաքացիները պետք է գիտակցեն»,- ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանը խոսեց նաև դիվանագիտական ճակատում իշխանությունների գործողությունների մասին: «Արդեն քանի օր է՝ մենք ռազմաճակատի դիվանագիտական մասը ապահովում ենք: Տեսնելով համաշխարհային մամուլի, քաղաքական գործիչների արձագանքը՝ կարող եմ ասել՝ այդ մասում մենք միանշանակ հաջողել ենք, և աշխարհն արդեն նույնիսկ կանգնած է այն եզրին, որ որոշ երկրներ նույնիսկ չեն թաքցնում իրենց համակրանքը, վերաբերմունքը»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ Եվրոպայի խորհրդի ելույթները երբևիցե եղած ամենադրական արձագանքն են:
Նա նշեց՝ պետք է գիտակցել, որ երկար ժամանակ ՀՀ-ն, ԱՀ-ն միանձնյա, մենակ պայքարել է համաշխարհային տեռորիզմի աշխարհի մեծագույն բանակի՝ Ադրբեջանի դեմ: