Հոկտեմբերի 8-ի առավոտից Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ արցախա-ադրբեջանական սահմանի թե՛ հյուսիսային, թե՛ հարավային ուղղություններով: Հայկական զինված ուժերը պատասխան հարվածով հետ են շպրտել թշնամուն՝ պատճառելով կենդանի ուժի, տեխնիկայի զգալի վնաս: Զուգահեռաբար հակառակորդը հարձակման փոքր փորձեր է կատարել բոլոր ուղղություններով:
Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - Արցախում ադրբեջանական գործողությունների հետևանքով կա 90 վիրավոր, որոնցից 20-ն են թեթև վնասվածքներ ստացել, մյուսները՝ ծանր:
Քաղաքացիական բնակչության շրջանում կա 20 զոհ՝ չհաշված Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ զոհը: Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք: Շարքից դուրս է եկել 430 մասնավոր շարժական գույք:
Այս տվյալներում դեռ ներառված չեն հոկտեմբերի 7-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետևանքները: Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը պատահական չէր, դա կոնկրետ թիրախավորում էր, դիտավորություն,- հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը: Հարվածը նույն օրը կրկնակի էր:
Արծրուն Հովհաննիսյան - Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց վանքին, որի արդյունքում վանքը զգալիորեն տուժել է: Տուժել են նաև մարդիկ:
Եկեղեցու հրթիռակոծման հետևանքով վիրավորվածների թվում է նաև ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը:
Արծրուն Հովհաննիսյան - Այսօր և ամբողջ օրը ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են տարբեր բնակավայրեր, մասնավորապես, Ստեփանակերտը, Շուշին:
Ի դեպ, բժշկական ծառայության բարձր որակի շնորհիվ վիրավորվածների մոտ 30 տոկոսը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում շարք է վերադառնում,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյան - Դա բավականին լավ ցուցանիշ է կոնֆլիկտների ժամանակ, եթե մանավանդ հաշվի առնենք, որ կողմերը հրետանային միջոցներ կիրառում են շատ խիտ՝ օրական տասնյակ հազարավոր արկեր, հրանոթ՝ փոքր, միջին, մեծ տրամաչափի:
Վարչապետի հայտարարության մասին, թե դիրքերում գտնվող անձանց փորձել են համոզել, որ լքեն սահմանը.
Արծրուն Հովհաննիսյան - Հարգելինե՛րս, պատերազմների ժամանակ, ցավոք, լինում են նաև դավաճանություններ, դա պատերազմ է, ցավոք, անխուսափելի բաներ են, կարևորը, որ ռազմավարական կառավարման համակարգը կարողանում է իրավիճակին տիրապետել, շտկել և առաջ գնալ, մեր ամրությունը կայուն է:
Սահմանին ակտիվ մարտական գործողությունները դեռ շարունակվում են: Հայկական կողմն այս պահին ունի տասնյակ հազարավոր կամավորագրվածներ: