«Օրբելի» կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանն անդրադարձել է Արցախյան պատերազմի ռուսական ուղեղային կենտրոնների արձագանքին։
«Սեպտեմբերի 27-ից սկսված Արցախյան պատերազմը գրավեց ոչ միայն քաղաքական-դիվանագիտական շրջանակների, այլև տարբեր երկրների վերլուծական հանրությունների ուշադրությունը։ Ռուսական ուղեղային կենտրոնները նույնպես տարբեր հրապարակումների միջոցով արձագանքեցին ստեղծված իրավիճակին։
Քանի որ Արցախյան հակամարտությունը զուտ տեղական էթնոքաղաքական խնդիր չէ, այլ աշխարհաքաղաքական հարց, ապա ռուսական վերլուծական հանրության ուշադրությունն էլ այդ համատեքստում առավելապես կենտրոնանում է տարածաշրջանային տերությունների քաղաքականության վրա։ Այս տեսանկյունից վերլուծությունների առանցքում են գտնվում հիմնականում երկու երկիր՝ Թուրքիան և Ռուսաստանը։
Թուրքիայի պարագայում ռուսական վերլուծական հանրությունը փորձում է հասկանալ, թե որո՞նք են նրա ռազմավարական նպատակներն արցախյան հակամարտության մեջ, ի՞նչ գործողությունների է նա դիմում այդ նպատակների իրականացման համար, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ թուրքական քաղաքականությունը։
Այս առումով Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի մի հրապարակման մեջ նշվում է. «Անկարայի ռազմավարական պլանավորումը որպես ամենամոտ խնդիր ընդգրկում է ռազմաքաղաքական ազդեցության ընդլայնումը և ամրապնդումը Սիրիայում, Կիպրոսում, Լիբիայում և Հարավային Կովկասում»։ Հաջորդ խնդիրը, ըստ հրապարակման, ենթադրում է իրավիճակի ապակայունացում իրանական Ադրբեջանում, ադրբեջանա-թուրքական համարկում, վերահսկողություն Վրաստանի, Միջին Ասիայի մի շարք թյուրքական պետությունների (Ղրղըզստան, Թուրքմենստան) վրա, հետևողական թափանցում Ղրիմ, Վոլգյան շրջան և Սիբիր, ազդեցության տարածում ամբողջ Կենտրոնական Ասիայում։ Երկարաժամկետ հեռանկարում, ըստ «խորքային պետության» նախագծի, այն պետք է հանգեցնի ՌԴ մասնատման՝ Վոլգյան շրջանի և Սիբիրի մասով, դրանից բխող բոլոր հետևանքներով, ներառյալ՝ Չինաստանի մեկուսացումը։ Այս պայմաններում ՌԴ դրությունը վատթարանում է՝ կապված Ուկրաինայի ռուսատյացության և Բելառուսում իրավիճակի ապակայունացման հետ։
Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի հրապարակումներից մեկը գրում է. «Հարավային Կովկասի հակամարտության մեջ ի հայտ է եկել նոր, շատ ակտիվ և ոչ միշտ կանխատեսելի արտաքին դերակատար՝ ի դեմս Թուրքիայի։ Մեր աչքի առաջ Ռուսաստանը կորցնում է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ գլխավոր արտաքին ուժի կարգավիճակը, որն ունակ է միայնակ պահպանելու հավասարակշռությունը երկու կովկասյան պետությունների միջև և թույլ չտալու ռազմական գործողությունների վերսկսումը։ Ինչպես էլ գնահատենք Էրդողանի նպատակները Հարավային Կովկասում, պարզ է մեկ բան՝ Թուրքիան այլևս չի հեռանա տարածաշրջանից։ Անկարան դառնում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մշտական գործոն»։ Խորհրդի մեկ այլ հրապարակում ահազանգում է, որ Թուրքիան ունի ակնհայտ նորօսմանական նկրտումներ։
Խորհրդի մեկ այլ հրապարակում նշում է, որ ժամանակակից թուրքական արտաքին քաղաքականության տրամաբանությունն ու դինամիկան կրկին ու կրկին մղում են Ռ. Էրդողանին «ականադաշտ», որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է ճակատագրական լինել ռուս-թուրքական հարաբերությունների համար։ Լիբիական ճգնաժամի, Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ իրականացվող ռազմական գործողությունների, Հունաստանի հետ դիմակայության սրման, Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հետ միասին հրապարակումը էրդողանի վարչակարգի կողմից ռուս-թուրքական հարաբերությունները վտանգող գործողություններ է համարում նաև միջամտությունը արցախյան հակամարտությանը, թողտվությունը ահաբեկիչների նկատմամբ Իդլիբում և Ռուսաստանում համաթյուրքականության գաղափարների ագրեսիվ տարածումը։
Քանի որ վերջին երեքն առավել փոխկապակցված են միմյանց, ներկայացնենք դրանք ավելի հանգամանալի՝ ըստ հրապարակման։
Միջամտությունը արցախյան հակամարտությանը։ Զարմանալի չէ, որ հայ-ադրբեջանական դիմակայության երեք տասնամյակում Անկարան միանշանակ աջակցել է Բաքվին։ Սակայն մի բան է քաղաքական և դիվանագիտական աջակցությունը դաշնակցին մի իրավիճակում, երբ հակամարտությունը սառեցված է, բոլորովին այլ՝ լայնածավալ ռազմական օգնությունը հակամարտության թեժ փուլում։ Նման աջակցությունը կտրուկ փոխում է հակամարտող ուժերի հավասարակշռությունը, դաշնակցի (այն է՝ Ադրբեջանի) մոտ առաջացնում ռազմական ճանապարհով արցախյան խնդիրը արագ լուծելու հնարավորության պատրանք և, հետևաբար, բարդացնում մարտական գործողությունների դադարեցման մասին որևէ պայմանավորվածության ձեռքբերումը։
Թողտվությունը ահաբեկիչների հանդեպ Իդլիբում։ Երկու տարում Թուրքիան չկարողացավ ամբողջ ծավալով իրականացնել Իդլիբի վերաբերյալ Սոչիի պայմանավորվածությունները՝ ապահովել ահաբեկչական խմբավորումների և ծանր սպառազինությունների դուրսբերումը բուֆերային գոտուց։ Հույսերը, թե Անկարային կհաջողվի որևէ կերպ «վերադաստիարակել» իսլամական արմատականներին Իդլիբում, անիրական են։ Եթե ահաբեկիչները, որպես տանիք օգտագործելով թուրքական ներկայությունը Իդլիբում, այդ տարածքն օգտագործեն որպես հենարան Բաշար Ասադի և Սիրիայում ռուսական ռազմական ենթակառուցվածքների դեմ ակտիվ գործողությունների համար, ապա նոր ռուս-թուրքական ճգնաժամն ընդամենը ժամանակի հարց է։
Համաթյուրքականության գաղափարների ագրեսիվ տարածումը Ռուսաստանում։ Ռուսաստանում միշտ էլ եղել է անհանգստություն՝ կապված թուրքական հնարավոր ներթափանցման հետ Հյուսիսային Կովկասի և Վոլգյան շրջանի՝ առավելապես մուսուլմանական և թյուրքալեզու տարածաշրջաններ։ Բայց այսօր այդ մտահոգությունները ստացել են լրացուցիչ հիմքեր՝ ի դեմս Էրդողանի ներքին քաղաքականության մեջ իսլամի դերի էական ուժեղացման (այդ գործընթացի խորհրդանիշը դարձավ Կ. Պոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը)։ Ռուսաստանում կարծում են, որ ժամանակակից Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Քեմալ Աթաթյուրքի աշխարհիկ պետության սկզբունքներից։ Հետևաբար, Անկարայի կողմից համաթյուրքականության առաջմղումը ավելի ու ավելի սերտորեն կմիահյուսվի քաղաքական իսլամի առաջմղման հետ՝ ուղղակի վտանգ ներկայացնելով Ռուսաստանի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքականությանը, ապա Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի մեկ այլ հրապարակում Արցախյան նոր պատերազմի հիմնական դաս է համարում այն, որ այստեղ լիովին ոտնահարվում են ռուսական աշխարհաքաղաքական շահերը։ Հետևաբար, կրավորական դիվանագիտության ժամանակն այլևս անցել է։ «Կա՛մ Մոսկվան կսկսի ակտիվորեն միջամտել տեղի ունեցողին՝ հստակ սահմանված նպատակներով և դրանց հասնելու շոշափելի արդյունքներով, կա՛մ անխուսափելիորեն ամբողջովին դուրս կմղվի տարածաշրջանից։ Եվ ոչ այնքան տևական ժամանակ անց այն ամբողջովին կդառնա թուրքական։ Դրանից բխող բոլոր քաղաքական և տնտեսական հետևանքներով»,- գրում է հրապարակումը։
Ուշագրավ է, որ Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի հրապարակումներից մեկը հակամարտության բռնկումը համարում է Ռուսաստանի լուրջ բացթողումներից մեկը։ Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի առաջին արձագանքը պատերազմի սկսմանը հիմք է տալիս ենթադրելու, որ ռուսական հետախուզության աչքից վրիպել է Ղարաբաղի վրա նոր ռազմավարական հարձակմանը Ադրբեջանի երկարատև նախապատրաստումը։
Ռուսական ուղեղային կենտրոնների վերլուծություններում կարևորվում է նաև պատերազմի ընթացքի և հեռանկարի հարցը։ Ընդհանուր առմամբ գերակայում է այն տեսակետը, որ թուրք-ադրբեջանական ռազմական պլանը սկզբնապես եղել է կայծակնային պատերազմը՝ բոլոր ուղղություններով շեշտակի գրոհով անմիջապես մեծ հաջողության հասնելու և հաղթողի դիրքերից հակառակորդի հետ խոսելու ռազմավարությունը։ Այս ռազմավարության ձախողումից հետո թուրք-ադրբեջանական «ռազմավարական միտքն» անցել է երկրորդ տարբերակի իրականացմանը, այն է՝ Հայաստանը և Արցախի Հանրապետությունը ներքաշել երկարատև ու հյուծիչ պատերազմի մեջ և, ապավինելով Ադրբեջանի ռեսուրսային գերակայությանը (մարդկային, դրամական, սպառազինությունների և այլ առումներով), վերջնարդյունքում հասնել հաղթանակի։ Այս առումով, օրինակ՝ Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի հրապարակումը գրում է, որ թուրքական գլխավոր շտաբի պլանավորած կայծակնային պատերազմը դոփում է տեղում։ Դա նշանակում է՝ անցում ռեսուրսների սպառման մարտավարությանը, որոնց հարաբերակցությունը, թվում է՝ Բաքվի կողմն է։
Սակայն ադրբեջանական ռեսուրսներն էլ անսահմանափակ չեն։ Ինչպես գրում է ինստիտուտի մեկ այլ հրապարակում. «Այս պատերազմը երկար տևել չի կարող՝ պայմանավորված ռեսուրսային գործոնով։ Ամեն ինչ հիմնված է Բաքվին թուրքական աջակցության վրա, բայց հենց Անկարային է շուտով սպասում ֆինանսների սպառում։ Թուրքական լիրան սկսել է կտրուկ անկում ապրել։ Սպասվում է՝ 30%-ով։ Վերջին երկու տարիներին այն արժեզրկվել է արդեն գործնականում կրկնակի։ Այնպես որ, ռազմական մեթողներով ակտիվ հարձակողական արտաքին քաղաքականությունը շարունակել Անկարան երկար չի կարող»։ Թուրքիան չի կարող ապավինել նաև անօդաչուների արտահանմանը։ Կանադան էմբարգո է սահմանել դրանց առանցքային սարքավորումների մատակարարման վրա։ Էրդողանը խիստ է արտահատվել նաև Իսրայելի հասցեին։ «Լիովին հնարավոր է, որ Թել Ավիվը նույնպես դադարեցնի առանցքային էլեկտրոնիկայի մատակարարումները Թուրքիային»,- գրված է հրապարակման մեջ։
Սակայն ռուսական ուղեղային կենտրոնների մոտ կա նաև անհանգստություն, որ կրակի դադարեցումը չի բերի երկարատև խաղաղության, այլ ադրբեջանական կողմը պարբերաբար կվերսկսի ռազմական գործողությունները՝ ամեն անգամ հասնելով փոքրիկ հաջողությունների, որոնք, սակայն, քանակապես կուտակվելով՝ ժամանակի ընթացքում կարող են վերածվել որակական առավելության։ Այդ մասին է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի կայքում հրապարակված նյութը, որում ասվում է, որ ադրբեջանական կողմը, ըստ երևույթին, մտադիր չէ թույլ տալ կրակի լիարժեք դադար։ Այդ կերպ այն հնարավորություն կստանա ցանկացած ժամանակ դիմել մարտավարական և օպերատիվ-մարտավարական նշանակության հարձակողական գործողությունների՝ այս կամ այն դիրքերի կամ տեղամասերի գրավման համար։ Այսինքն՝ Ադրբեջանը կանցնի փոքր կտորներով տարածքի գրավման մարտավարությանը։
Հաշվի առնելով 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմը, սահմանային իրադրության պարբերական սրացումները, ինչպես նաև ներկա պատերազմը՝ հիշյալ անհանգստությունը լիովին տեղին է։ Կարելի է ասել, որ փոքր կտորներով տարածքներ գրավելու մարտավարությունը այլևս ոչ թե կանխատեսում է, այլ իրականություն, որի դեմ անհրաժեշտ է մշակել և իրականացնել արդյունավետ պայքարի ռազմավարություն և մարտավարություն»,- ասված է Հովյանի հոդվածում։