Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Bloomberg-ին:
Հարց- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրել է կողմերի արտգործնախարարներին՝ փորձելու հասնել հրադադարի: Վստա՞հ եք, որ նրանք կկարողանան հասնել հրադադարի:
- Չեմ կարող ասել, թե վստահ եմ: Կարծում եմ՝ երկու արտգործնախարարները գնում են Մոսկվա, և նրանք ինչ-որ առումով «մութ սենյակ» են մտնելու՝ սկսելու բանակցություններն ու խոսելու հրադադարի մասին: Սակայն ես ուրախ եմ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Շնորհակալություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին այդ հանդիպումը կազմակերպելու համար, քանի որ սա այսօր բացարձակ անհրաժեշտություն է՝ դադարեցնելու հրետակոծությունը և կռիվը: Գործ ունենք մեծ հումանիտար ճգնաժամի հետ, պատերազմը հարվածում է քաղաքացիական բնակչությանը:
Ուստի, շնորհակալ եմ նրանց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանի կառավարությանը: Հուսով եմ՝ հնարավոր կլինի հասնել հրադադարի:
Հարց - Ռուսաստանն իսկապե՞ս միակ տերությունն է, որ կարող է հանգեցնել համաձայնության: Դուք ունե՞ք Ռուսաստանի աջակցության կարիքը: Խոսե՞լ եք նախագահ Պուտինի հետ:
- Հստակեցնելու համար՝ սա մեկն է այն հակամարտություններից, որն ունի ձևաչափ, որը կարող է ի վերջո բանակցությունների միջոցով հանգեցնել խաղաղության: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է, որը ստեղծվել է ավելի քան 20 տարի առաջ՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից հետո: Կողմերը քննարկում էին խաղաղ արդյունքը և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Սակայն այս կամ այն պատճառով Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին որոշեց, որ բանակցությունների ճանապարհով չի գնալու խաղաղության: Նրանք որոշեցինք խնդիրը լուծել զենքի միջոցով: Իհարկե, այստեղ շատ առանցքային է Թուրքիայի ներգրավվածությունը:
Հարց - Բայց դուք ուզո՞ւմ եք աջակցություն Ռուսաստանի կողմից: Ճգնաժամը սկսվելուց հետո որևէ շփում ունեցե՞լ եք Վլադիմիր Պուտինի հետ:
- Մենք պարբերաբար կապի մեջ ենք Վլադիմիր Պուտինի հետ: Մեր կողմից Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացին մասնակցում են վարչապետը և արտգործնախարարը, իսկ ադրբեջանական կողմից՝ նախագահն ու արտգործնախարարը: Մեր վարչապետն է պարբերաբար կապի մեջ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ հենց նա է պատասխանատու անձը՝ Հայաստանի՛ կողմից, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, քանի որ այն ունի իր նախագահը: Ես ևս իմ նախագահության տարիների ընթացքում մշտական կապի մեջ եմ եղել նախագահ Պուտինի հետ: Սակայն կրկնում եմ՝ հարթակը Մինսկի խումբն է:
Հարց - Դուք մեղադրում եք Թուրքիային ռազմական ներգրավվածության մեջ՝ հաջակցություն Ադրբեջանի: Սա նախագահ Ալիևը հերքում է: Դուք ունե՞ք ապացույցներ, դրանք ցո՞ւյց եք տվել Ֆրանսիային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և ի՞նչ եք խնդրել նրանց անել:
- Ո՛չ ես, ո՛չ իմ կառավարությունը կարիք չունենք ներկայացնել ապացույցներ, քանի որ դրանք ակնհայտ են: Դրանք ադրբեջանական կողմի, ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների մեջ են, տեսանյութերում ու լուսանկարներում, ինտերնետային կայքերում: Անգամ տարբեր երկրների, այդ թվում և՝ Ռուսաստանի հետախուզական ծառայությունները հայտարարել են, որ Ադրբեջանի տարածքում կան Թուրքիայի կողմից բերված իսլամիստ ահաբեկիչներ: Եվ այս ամենը թուրքական զինուժի, դրոնների, անգամ F-16 կործանիչների ներկայությամբ, որոնք ևս օգտագործվում են:
Հարց - Ի՞նչ եք խնդրել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին անել այս ամենի առնչությամբ: Նրանցից պատասխան պահանջե՞լ եք:
- Ես խնդրել եմ լրջորեն մոտենալ այս ամենին, քանի որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ ՆԱՏՕ-ի անդամը մասնակցում է, ներգրավվում է երրորդ կողմերի հակամարտության մեջ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն: Արդյո՞ք Թուրքիան ունի կանաչ լույս ՆԱՏՕ-ից: Եթե այո, ապա մենք պետք է տեղյակ լինենք, եթե ոչ՝ ապա հուսով եմ, որ մեր գործընկերները ՆԱՏՕ-ում իրենց ձայնը լսելի կդարձնեն և Թուրքիայի վրա ճնշում կգործադրեն՝ ասելով, որ նա չպետք է ներգրավվի այս հակամարտության մեջ: Նրա ներկայությունն այստեղ ընդհանրապես չի օգնում, նույնիսկ բարդացնում է իրավիճակը:
Հարց - Ադրբեջանի նախագահը պայքարում է իր միջազգայնորեն ճանաչված տարածքները վերականգնելու համար, 20 տարվա բանակցությունները մեծ արդյունքներ չունեն: Ինչո՞ւ նրանք դա չեն կարող անել:
- Նրանք կարո՞ղ են մարդկանց սպանել կամ պատերազմ սկսել: Կփորձեմ պատասխանել ուրիշ կերպ: Դու բանակցություններ ես վարում, որոնց ավելի քան 20 տարվա ընթացքում որոշակի ձեռքբերումներ եղել են: Բանակցվող հարցերի ծավալը մեծ է: Այս 20 տարիների ընթացքում բանակցողները հասել են շատ կարևոր կետերի, որոնք քաղաքական որոշումների կայացման անհրաժեշտություն ունեն: Այդպիսով՝ մեծ աշխատանք է կատարվել:
Միևնույն ժամանակ, երկու կողմում էլ հիմնական բանակցողների փոփոխություն է տեղի ունեցել: Հայկական կողմից նախկինում երեք նախագահներն են ներգրավված եղել, իսկ այսօր վարչապետն է պատասխանատու բանակցելու համար: Եթե դու մի փոքր դժգոհ ես բանակցություններից, որո՞նք են քո գործողությունները: Դու պատերա՞զմ ես սկսում, թե՞ շարունակում ես բանակցել: Բանակցային գործընթաց վարելը՝ իր բարդ պատմությամբ, շատ դժվարին աշխատանք է: Իսկ ո՞րն է այլընտրանքը: Այլընտրանքը մարդկանց մա՞հն է, ենթակառուցվածքների ավերու՞մը՝ ամբողջ տարածաշրջանում ստեղծելով մեծ անկայունություն: Չեմ կարծում, որ սպառել ենք բոլոր հնարավորությունները: Ժամանակն է վերադառնալ բանակցությունների շուրջ: Դա անելու համար ամենակարևոր քայլերից մեկը Թուրքիայի ներգրավվածությունը բացառելն է:
Հարց - Հայաստանի վարչապետն ասել է, որ որպես հակամարտության արձագանք կարող են դիտարկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Ինչպիսի՞ հանգամանքներում դա կարվի, որ դեպքում դուք կճանաչեք անկախությունը:
- Այս հարցին պատասխանելու համար կցանկանայի մի փոքր պատմական ակնարկ անել: Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Հայաստանի մասն է: Լեռնային, գեղեցիկ այդ տարածքում հայերն ապրել են հազարավոր տարիներ և շարունակում են ապրել: Երբ հայերը 301 թ. ընդունեցին քրիստոնեությունը, կառուցել են եկեղեցիներ, հուշարձաններ և այդպես շարունակ: Ընդամենը 70 տարի է, որ այս տարածքը տրվել էր Ադրբեջանին: Այն տրվել էր Ստալինի կողմից: Ադրբեջանական կողմը պնդում է, որ ցանկանում է ազատագրել այդ տարածքները: Ազատագրել ումի՞ց: Այն 100 տոկոսով բնակեցված է էթնիկ հայերով: Այդպիսով դու ցանկանում ես ազատագրել տարածքները նրանցի՞ց: Դա կոչվում է էթնիկ զտում, այսինքն՝ ցանկանում են այդ հողերն առանց հայերի: Հայերը կռվում են իրենց կյանքի, ժառանգության, ինչպես նաև իրենց տների, ծնողների և երեխաների համար: Սրանք երկու տարբեր մոտեցումներ են նույն խնդրին:
Հարց - Հասկանում եմ, պարոն նախագահ, բայց իմ հարցը Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին է, կճանաչե՞ք արդյոք կամ ո՞ր դեպքում դա կանեք:
- Պատասխանը շատ պարզ է: 1994 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, երբ հրադադար էր հաստատվել, քննարկումներ կային, թե պե՞տք է արդյոք Հայաստանը ճանաչի և այլ երկրների հորդորի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայկական կողմը, հաշվի առնելով, որ բանակցային գործընթաց կար՝ Մինսկի խմբի երեք համանախագահողների միջնորդությամբ, զսպվածություն է ցուցաբերել՝ այդ կերպ հնարավորություն տալով, որ բանակցությունները հանգեցնեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման: Սակայն եթե պատերազմը շարունակվի, հնարավոր է, որ Հայաստանին այլ ընտրություն չմնա, քան Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը և միջազգային հանրությանը հորդորելը՝ նույնպես ճանաչել այն: