Պատմության մեջ առաջին անգամ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն կին կընտրվի՝ տեղեկացնում է DW-ն:
Սպասվում է ընտրությունների երրորդ՝ վերջին փուլը, որին կմասնակցեն Նիգերիայի ֆինանսների նախկին նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալան և Հարավային Կորեայի առևտրի նախարար Յու Մյունգ-Հին: Նրանցից մեկը կդառնա ԱՀԿ-ի յոթերորդ գլխավոր տնօրենը և այս պաշտոնում կփոխարինի Ռոբերտ Ազեվեդուին: Մայիսի 14-ին նա հայտարարեց այդ պաշտոնից իր հրաժարականի մասին՝ որոշումը բացատրելով «անձնական և ընտանեկան հանգամանքներով»: Օգոստոսի 31-ին Ազեվեդուն լքեց պաշտոնը, թեև նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր մեկ տարի անց:
Իր գոյության 25 տարվա ընթացքում ԱՀԿ-ն բախվել է ամենալուրջ ճգնաժամին: Երկու տարի շարունակ ԱՄՆ-ը խոչընդոտում է կազմակերպության մշտական վերաքննիչ մարմնում՝ ԱՀԿ արբիտրաժային դատարանում, դատավորներ նշանակելու ընթացակարգին: Դատարանի աշխատանքը փաստացի արգելափակված է 2019-ի դեկտեմբերից: Որպես միջանկյալ միջոցառում՝ ԵՄ-ն կազմակերպության մյուս 15 անդամի հետ համաձայնեցրել է ստեղծել վեճերի կարգավորման ժամանակավոր մեխանիզմ: