Արցախյան պատերազմ, օր 13-րդ: Առաջնագծում, թիկունքում նպատակը մեկն է՝ հաղթանակը: Ամեն ինչ զորքերի ու առաջնագծի համար, գիշեր-ցերեկ Երևանից ու մարզերից դեպի Ստեփանակերտ բեռնատարների հոսքը չի դադարում: Մայր Հայաստանից Արցախին հերթական օգնությունն է հասել: Առաջին անհրաժեշտության սննդամթերքը տեսակավորում, փաթեթավորում, դիրքեր են ճանապարհում:
Առաջնագծում հաջողությունը ամուր թիկունքով է պայմանավորված: Հենց այս գիտակցումով ու հավատով նրանք, ովքեր չեն կարող դիրքերում լինել, թիկունքում են աշխատում, պայքարում: Ով ինչպես ու ինչքանով կարող է:
Օգնության փաթեթները նաև բնակիչների համար են՝ ըստ քանակի, պահանջի: Երևանն ու Ստեփանակերտը համագործակցում են, ապահովում բնակչության առաջնային կարիքները:
Սա առաջին փորձությունը չէ, որ Արցախին պատուհասել է, բայց կարող է լինել վերջինը՝ մեր միասնականությամբ, հաղթանակի հանդեպ հավատով ու վճռականությամբ՝ փաստում են արցախցիները, վստահեցնում՝ լռեցնելու են պատերազմի ձայնը: Պատմությունն է վկա՝ Արցախն ու արցախցին պարտվել չգիտեն ու այս անգամ էլ պարտադրված պատերազմում հաղթանակ կտոնեն: