Այսպիսի լայնածավալ պատերազմ՝ 21-րդ դարում ընդհանրապես ոչ մի տեղ չի եղել կամ էլ եղել է, համենայնդեպս, ոչ հաճախ,- արձանագրում է վարչապետ Փաշինյանը գերմանական Շպիգել շաբաթաթերթի հետ զրույցում: Լրագրողը հետաքրքրվում է՝ ինչու անվտանգության գոտին պարզապես չենք տալիս հակառակորդին: Վարչապետն արձանագրում է՝ անվտանգության գոտին քմահաճույքի համար չի ստեղծվել, այն Արցախի բնակչությանը պաշտպանելու, հնարավոր ռմբահարողներին քաղաքներից ու գյուղերից հեռու պահելու համար էր, բայց այսօրվա գործողությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ գոյության սպառնալիքի տակ: Իսկ Արցախի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողությունների է անցել:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հիմա արդեն միջազգայնորեն արձանագրված փաստ է, որ Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմին՝ որպես Ադրբեջանի զինուժի դաշնակից, մասնակցում են միջազգային ահաբեկչական խմբավորումներ, իսկ նրանց Թուրքիան է տեղափոխում Ադրբեջան: Այս պատկերն ամբողջանում է դրանով:
Հրթիռակոծվող քաղաքներ, հրթիռների հարվածի թիրախ դարձող բազմաբնակարան շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ադրբեջանցիները գիտեն, որ իրենք հարվածում են բնակելի տների, քաղաքացիական ենթակառուցվածքների, դպրոցների, մանկապարտեզների: Բայց դա չի կանգնեցնում նրանց: Եվ զարմանալի չէ,- վարչապետ Փաշինյանը ներկայացնում է Արցախում իրավիճակն ու տեղեկացնում՝ Ադրբեջանը չի որոշում սեփական ճակատագիրը, այլ Թուրքիան: Այսքան զինուժի, տեխնիկայի, զինատեսակների կիրառումն էլ մեկ բացատրություն ունի՝ Թուրքիան ներգրավված է պատերազմում:
Նիկոլ Փաշինյան - 100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Դուք գիտեք, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության օրոք տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, զոհ գնաց 1,5 միլիոն հայ: Բայց այդ ցեղասպան քաղաքականության նպատակը միայն էմոցիաները չեն կամ ատելությունը հայերի նկատմամբ: Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ էքսպանսիոնիստական և կայսերական քաղաքականություն վարելու: Այս քաղաքականությունը պետք է դիտարկենք ընդհանուր քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում: Այս քաղաքականության մեջ ընդգրկվում են ահաբեկիչները և վարձկանները: Միջազգային հանրությունը և հատկապես Եվրոպան պետք է շատ լուրջ գնահատական տան այս փաստին: Եթե Եվրոպան դա չանի, անհրաժեշտ է Թուրքիային այսպիսի էքսպանսիոնիստական քաղաքականությամբ սպասել Վիեննայի մատույցներում:
Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցնում է Հայաստան-Ռուսաստան անվտանգության դաշնակցային փոխհարաբերությունների մասին և վստահեցնում՝ Մոսկվան իր պայմանագրային պարտավորությունները Երևանի նկատմամբ կկատարի: Ռուսական 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանում, ռուս սահմանապահները պահում են Թուրքիայի և Իրանի հետ սահմանը:
Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը պաշտոնապես արձանագրեց, որ ընդդեմ Ղարաբաղի և ընդդեմ Հայաստանի կռվում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Եվ Ռուսաստանն ամենևին էլ առաջին երկիրը չէ, որը խոսում կամ առնվազն ակնարկում է դրա մասին: Դրա մասին խոսել են Ֆրանսիան, խոսել է Իրանը: Որոշակի առումով սա քաղաքակրթական պատերազմ է, և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն այս պատերազմում փաստորեն գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Մենք պայքարում ենք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության և միջազգային ահաբեկության դեմ:
Արդյոք փոխզիջման հնարավորություն տեսնո՞ւմ է Հայաստանը, օրինակ՝ անվտանգության գոտու տարածքների մի մասի վերադարձի գնով՝ գերմանական լրատվամիջոցի հարցին վարչապետը հարցով է պատասխանում.
Նիկոլ Փաշինյան - Վերադարձնողը ես չեմ, վերադարձնողը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է: Իսկ այդ պարագայում ո՞վ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: