Ծանր տեխնիկայով Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ օպերատիվ մարտավարական «Լորա» հրթիռով: Հայաստանն արժանի պատասխան տալու բարոյական իրավունք ունի՝ ասում է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետը:
Վլադիմիր Եվսեև (Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի ռազմական փորձագետ) - Եթե Ադրբեջանը չսթափվի և կանգ առնելու որոշում չկայացնի, անկախ նրանից, որ արդեն կորուստների ու վիրավորների թիվն անցնում է տասը հազարը, ուրեմն այդ դեպքում Հայաստանը պատասխան հարվածի լիարժեք իրավունք ունի:
Պետք է անարգանքի սյունին գամել խաղաղ բնակիչների արյունը թափելու համար ու ենթարկել պատասխանատվության միջազգայնորեն, ասում է Վիկտոր Լիտովկինը:
Վիկտոր Լիտովկին (ռազմական փորձագետ) - Խաղաղ բնակչության սպանությունը ցանկացած պատերազմում հանցագործություն է, հատկապես, երբ խիտ բնակեցված շրջաններ են տեղափոխում այդ պատերազմը՝ խլելով երեխաների, կանանց, մեծահասակների կյանքը: Սա Ժնևյան բոլոր կոնվենցիաների կոպտագույն խախտում է, ինչի համար պատասխանատվության պետք է ենթարկվեն:
Ըստ Եվսեևի՝ նոր պատերազմը նոր տարածքներ կբերի հայկական կողմին, որից հետո կարող են արդեն անցնել բանակցությունների:
Վլադիմիր Եվսեև - Ես շատ հպարտ եմ հայ զինծառայողների տոկունությամբ: Նրանք ոչնչացրին 400 միավոր զրահատեխնիկա. դա Ադրբեջանի ունեցած զինտեխնիկայի մեկ երրորդն է, իսկ կորցրածը արագորեն չեն կարող վերականգնել:
Ադրբեջանը դադարում է սուվերեն պետություն լինելուց՝ դառնալով Թուրքիայի խամաճիկը:
Վլադիմիր Եվսեև - Քաղաքական շատ լուրջ սխալ է՝ համաձայնել շուրջ մեկուկես հազար իսլամիստների իր տարածք բերելուն, որոնք կարող են նախ հայերի դեմ կռվել, հետո գնալ տապալելու Ալիևին, քանի որ երկրում միջկրոնական և ազգամիջյան լուրջ հակասություններ կան: Նախևառաջ հենց ազգային փոքրամասնություններին են ստիպում գնալ ճակատ:
Վիկտոր Լիտովկին - Ահաբեկիչները ոչ միայն Հարավային և Հյուսիսային Կովկասի, այլև ամբողջ տարածաշրջանի և Ռուսաստանի համար են մեծ վտանգ ներկայացնում: Պետք է և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մաքրել նրանցից:
Թուրքիան հայտարարությունների և կոչի լեզու չի հասկանում, նրա դեմ պետք է կիրառվեն կոշտ միջոցներ՝ նախ զենքի լեզվով, ապա ուժեղ հարվածներ տնտեսությանը՝ պատժամիջոցների կիրառմամբ, միայն այդ ժամանակ Էրդողանն ուշքի կգա:
Վլադիմիր Եվսեև - Միայն բառերով թուրքերը չեն հասկանում, իսկ երբ Թուրքիայի տարածք են վերադառնում ահռելի քանակի սպանված զինծառայողներ, այդ դեպքում բոլորին պարզ է դառնում՝ Թուրքիան չպետք է մասնակցի: Ռուսաստանը պետք է ավելի կոշտ դիրքորոշում ընդունի՝ ամբողջ Հարավային Կովկասում Թուրքիային զսպելու համար, քանի որ նա ակտիվորեն ռադիկալ իսլամի տարածմամբ է զբաղված, ինչը Ռուսաստանի համար ակնհայտ խնդիրներ է ստեղծում:
Այլևս սպասել չի կարելի, պատերազմը շատ ձգձգվեց, Ադրբեջանի փաստացի ղեկավարը Էրդողանն է, եկել է ժամանակը, որ Ռուսաստանը Հայաստանին լայնամասշտաբ ռազմական և հումանիտար օգնություն ցուցաբերի՝ ասում է ռազմական փորձագետը, քանի որ հայերը կռվում են ահաբեկիչների դեմ: