ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ մարտական գործողությունների ինտենսիվությունը առաջին 3 օրերի համեմատ նվազել է, բայց դրանք տարբեր ուղղություններով և օրերի լինում են տարբեր ինտենսիվության։
«Ադրբեջանի մշակած լայնածավալ հարձակողական օպերացիայի առաջին փուլի ինտենսիվությունը շատ ավելի բարձր էր, որը մեր զինված ուժերը կասեցրեցին, տապալեցին, չնայած որոշ դիրքեր կորցրեցին։ Բայց թափը օպերացիայի՝ հյուսիսում և հարավում, ընդ որում՝ Ադրբեջանի ողջ զինված ուժերի ներուժը վերցնելով, գումարած թուրքական բանակի հսկայական բանակի աջակցությունը պլանավորման, հետախուզական, ավիացիոն և այլն, այդ հսկայական մեքենայի թափը մեր զինված ուժերն ուղղակի ջախջախել են, հետ են մղել։ Եվ այն հաջողությունները, որ իրենք արձանագրել են ժամանակի ընթացքում, հաճախ վայրկենական, րոպեական են եղել, դրանք Ադրբեջանի ծրագրի համեմատ՝ անհամեմատելի փոքր են»,- նշեց Հովհաննիսյանը։
Բանակային կորպուսների կիրառման կամ ադրբեջանական բանակի ամենաէլիտար՝ ամբողջությամբ Տ90 տանկերով զինված չորրորդ բանակային կորպուսի ռազմական բրիգադի կիրառման առաջիկա խնդիրը միայն տասնյակ կիլոմետրեր են, իսկ հետագա խնդիրը՝ հարյուրավոր կիլոմետրեր։
«Այսինքն՝ եթե դու այդքան ուժ ես կիրառում, այդքան ժամանակում՝ 3-4 օրում, պետք է հասնես 30-40 կիլոմետր խորության, չե՞ս հասնում, ուրեմն տապալել ես օպերացիան։ Իսկ մնացած ամեն ինչ ուղղակի թոզփչոցի է»,- նշեց Հովհաննիսյանը։