Քաղաքակրթության և բարբարոսության բախում՝ այսպես է բնութագրում ադրբեջանական օդուժի հարվածները Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքին Արցախի կրթության, գիտության ու մշակույթի նախարարը:
Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ Ադրբեջանի այս քաղաքականությունը դեռ նախորդ դարի 30-ականներից է սկսվել, և այս ամբողջ ընթացքում հակառակորդը ջանք չի խնայել Արցախի պատմամշակութային հուշարձաններն ու վանքերը ավերելու համար:
Լուսինե Ղարախանյան (Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարար) - Ինչպես տեսաք, գերճշգրիտ հարվածներով խոցվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին, որը մեր հայերիս հավատամքի խորհրդանիշն էր:
Առանց րոպե անգամ ուշացնելու Արցախի կրթության, գիտության ու մշակույթի նախարարությունը գրությամբ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին։
Լուսինե Ղարախանյան - Եվ ընդհանրապես, մենք դիմում ենք աշխարհի մարդասիրական, քաղաքակրթական կազմակերպություններին, որպեսզի քայլեր ձեռնարկվեն օր առաջ կանգնեցնելու պատմամշակութային ժառանգություն հանդիսացող կոթողների թիրախավորման և ոչնչացման գործողությունների ընթացքը: Այդ վայրագությունները պետք է ժամ առաջ կանխել, որովհետև ոչնչացվում են իսկապես համաշխարհային քաղաքակրթության մշակութային օբյեկտներ, ինչը չի կարելի:
Ազգային պատմություն, մշակույթ ու արժեքներ չունեցող մարդիկ չեն կարող գնահատել այն ամենը, ինչը դարերի ընթացքում ձեռք է բերել հայ ազգը՝ վստահ է Ղարախանյանը: Այսօր աշխարհի աչքի առաջ տեղի է ունենում մշակութային հուշարձանների ոչնչացում: Նախարարը կարծում է, որ գրությունից հետո աշխարհը կկանխի այս բարբարոսությունը:
Լուսինե Ղարախանյան - Սա բացատրվում է այսպես. երբ հուշարձաններ են ոչնչացվում, փորձ է արվում լեգիտիմացնել հօգուտ ոչնչացնողի: Պատմամշակութային հարստությունը ոչնչացնելով՝ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել մեր պատմական ժառանգությունը և դրա հետ կապված մեր ամբողջ պատմությունն ու տարածքը ու փոխարենը լեգիտիմացնել սեփական էթնոգենեզի գործընթացը չանցած և ընդամենը Թուրքիայի հեռահար նպատակների համար ստեղծված Ադրբեջան պետությունը:
Նաև փորձում են հոգեպես ճնշում գործադրել մեզ վրա՝ ասում է նախարարը, և նույն Ղազանչեցոցը երրորդ անգամ է արդեն, որ կվերանորոգվի: Այնտեղ նորից պսակադրություններ ու մկրտություններ են լինելու, և Ղազանչեցոցը կշարունակի մարմնավորել արցախցու և հայ ազգի անկոտրում կամքն ու հավատքը: