ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցը մեկնարկեց սահմանային այսօրվա իրադրության մասին մանրամասներ ներկայացնելով։
«Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները նորից վերսկսել են նոր թափով, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։ Հյուսիսում այսօր ավելի ինտենսիվ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, բայց ավելի ծանր մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։
Հայկական զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին և անհրաժեշտ հակահարված տալով ետ շպրտել ելման դիրքեր։ Այսօր հակառակորդը նորից որոշակի կորուստներ է կրել, այս պահին մարտերը շարունակվում են»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Այսօր ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներն ու շրջանակները որերորդ անգամ հայտարարեցին, թե գրավել են Հադրութն ու Ջեբրայիլը։ Հովհաննիսյանը նշեց՝ ծիծաղելի է, որովհետև հենց հայտարարությունների ժամանակ ինքը Հադրութում էր գտնվում։
«Ավելին ասեմ՝ կոնկրետ այդ ուղղությամբ, այսինքն՝ մերձարաքսյան հովտից մի փոքր ավելի հյուսիս, ընդհանրապես մարտական գործողություններ չկային»,- նշեց Հովհաննիսյանը։
Հավատարիմ իր ձեռագրին՝ ամբողջ ցերեկվա ընթացքում հակառակորդը շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը։
«Այսօր ես իմ աչքերով տեսա նաև Շուշիում եկեղեցու համապատասխան փլվածքը։ Ըստ էության, եկեղեցու մեկ հատվածում ուղիղ, գերճշգրիտ հարված է հասցվել երկու անգամ։ Դա ոչ մի կերպ չի կարող լինել պատահական հարված»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։