Ամբողջ գիշեր և առավոտյան մարտերը շարունակվել են: Հակառակորդը փորձել է ուժեր կուտակել Արաքսի հովտում և առաջանալ, սակայն ոչնչացվել է հակառակորդի երեք բրիգադ, ինչը հետախուզության արդյունավետ աշխատանքի արդյունք էր:
Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - Մի քանի տասնյակ մահացածներ, զգալի թվով զրահատեխնիկա, որոնց մի մասը՝ անվնաս, թողել և փախել են:
Կրելով մեծ կորուստներ՝ փախուստի դիմած ադրբեջանական զորքը հիմնականում պատսպարվել է Իրանի սահմանին մոտ: Ոչնչացվել են նաև նավթամթերքի պահեստներ, որոնց հարևանությամբ տեղակայված 200 հոգանոց զորախումբ է ոչնչացվել:
Արծրուն Հովհաննիսյան - Նավթամթերքի հարևանությամբ եղել է զորանոց...
Դիրքային բարելավումներ կան նաև հյուսիսային ուղղությամբ: Մարտերը շարունակվում են: Ոչինչ չկարողանալով անել մարտադաշտում՝ հակառակորդը օրվա ընթացքում ևս հրթիռակոծել է Ստեփանակերտն ու ընդհանրապես Արցախի բնակավայրերը:
Թեև որոշ երկրներ քննադատում են Թուրքիայի ներգրավածությունը, միևնույն է՝ այդ երկրի մասնակցության էական նվազում դեռ չի դիտվում՝ ասում է Արծրուն Հովհաննիսյանը:
Հաջողություններ են արձանագրվել նաև միջազգային հարթակներում: Մասնավորապես, Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այն մասին, որ Ադրբեջանը, խախտելով հումանիտար բոլոր կանոնակարգերը, թիրախավորել է խաղաղ բնակչությանը: Եվրոպական դատարանն արդեն որոշում կայացրել է: Ապացույցներ են ներկայացվել նաև Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկաններ բերելու վերաբերյալ:
Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ) - Իրականում մեր ներկայացրած դիմումից հետո ի հայտ եկավ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը, որը ներկայացվեց դատարան անմիջապես, և եղավ որոշումը...
Ադրբեջանը, բնականաբար, դատարանին ոչ մի թարմացում դեռևս չի ներկայացրել: Կոնկրետ քայլեր չկիրառելու դեպքում Հայաստանը կդիմի նաև Նախարարների խորհրդին: