Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կրթական և մշակութային հաստատությունները, այդ թվում՝ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, թատրոնները և թանգարանները նույնպես հանդես են եկել աջակցության նախաձեռնություններով։
Աշխատանքներն առավել արդյունավետ ու համակարգված իրականացնելու նպատակով Արցախի հայրենակիցների համար նախատեսված աջակցությունը կենտրոնացվել է մի քանի հաստատությունում, մասնավորապես Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Նկարիչների միությունում։
Անհրաժեշտ պարագաները տեսակավորվել ու փաթեթավորվել են մի խումբ ուսանողների և կամավորների ջանքերով:
Հայաստանի նկարիչների միությունից տեղեկացնում են, որ բացի թատերաերաժշտական կազմակերպություններից, քաղաքացիները ևս տրամադրել են անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ քնապարկեր, մարտկոցներ, լապտերներ, ջուր, ծխախոտ, հիգիենայի պարագաներ, սնունդ, դեղորայք և այլն:
Ազգային պատկերասրահի տնօրենի խոսքով՝ նախապես որոշվել էր նախաձեռնությունն իրականացնել փոքր-ինչ այլ ձևաչափով, այն է` սննդի ու իրերի փոխարեն հավաքագրել գումար, որով ձեռք են բերում անհրաժեշտ պարագաներ` համաձայն պաշտպանության նախարարության հետ պայմանավորվածության:
Ավելի քան 13 թանգարան միացել է աջակցության ծրագրին, այդ թվում՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը՝ Ծաղկաձորից, Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը՝ Ջաջուռից։ Նշենք, որ թանգարանների մի մասն աջակցել է գումարով, մյուսը՝ անհրաժեշտ պարագաներով։
Հավաքագրված իրերի առաջին խմբաքանակն արդեն տեղ է հասել։ Նախաձեռնության երկրորդ ալիքը ընթացքի մեջ է, ցանկացողները կարող են միանալ։