«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով.
«Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ արցախահայության ֆիզիկական անվտանգության երաշխիքը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է: Եթե միջազգային հանրությունը ցանկանում է բացառել Ադրբեջանի նոր ագրեսիան և ցեղասպանության փորձը, պետք է անվերապահ ճանաչի Արցախի անկախությունը:
Թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ռմբակոծելով բնակավայրերը, հարվածներ հասցնելով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն և փորձելով անցյալի հուշեր արթնացնել ու ահաբեկել մեզ բոլորիս՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը է՛լ ավելի է համախմբում մեզ և համառ դարձնում այս պայքարում: Ֆիզիկական և մշակութային ցեղասպանություն տեսած մեր ժողովուրդը թույլ չի տա դրա կրկնությունը, թույլ չի տա բռնանալ ապրելու իրավունքի նկատմամբ: Մենք՝ խաղաղություն պարտադրողներս, համառ ենք ու ուժեղ միասին: Վերջում նշեմ, որ ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին հաճախ է շրջանառում «մենք չենք պարտվում» թեզը, դրան ի պատասխան կարելի է հստակ ասել՝ նայեք ձեր ոչ վաղեմի անցյալին՝ միակ բանը, որ ձեզ մոտ լավ է ստացվում, պարտվելն է, քանի որ անազնիվ կռիվ եք տանում և սխալ ուղի եք ընտրում միշտ: Դե իսկ մենք մեր արդար պայքարում միասին
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ!»: