Տևական մարտերից հետո բանակցային ամբողջ տրամաբանությունը կարող է փոխվել` հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ:
«Եթե նախկինում խոսվում էր խաղաղ բանակցությունների միջոցով գտնել լուծումներ, Ադրբեջանն ու Թուրքիան որոշեցին բիրտ ուժով արագի մեջ լուծել խնդիրը: Դա իրենց չհաջողվեց: Հիմա այս վիճակից դուրս գալու փնտրտուքը աշխարհի խնդիրն է: Ղարաբաղի հարցը արդեն սովորական խնդիր չէ, որովհետև անվտանգության գոտին միջազգային կարևորություն է ձեռք բերել, որովհետև այդ գոտու շրջանակներում տեղակայվում են տեռորիստական, ահաբեկչական խմբեր, և դրանք մարտահրավեր են շատ պետություններին՝ Ռուսաստանին, Իրանին, և, ընդհանրապես՝ ղարաբաղյան խնդիրն արդեն միջազգային կարգավորման խնդիր է դառնալու»,- նշեց Քոչարյանը:
Ըստ պատգամավորի՝ կողմերն այսպես թե այնպես բանակցությունների սեղանի շուրջը նստելու են, բայց օրակարգն էլ լինելու է այնպիսին, որ բավարարի Արցախի բնակչության անվտանգությունը:
«Այստեղ խոսել շրջաններ վերադարձնելու մասին դառնում է աբսուրդ: Օրակարգն իր էությամբ ամբողջությամբ փոխվում է: Բնականաբար փոխզիջումներ պետք է լինեն, բայց չի կարող հաշվի չառնել մեր անվտանգության գոտու կարևորությունը ոչ միայն Արցախի, այլ նաև հարակից պետությունների համար»,- նշեց պատգամավորը: