Տագնապի ազդանշանը՝ Ստեփանակերտի գիշերվա հրթիռակոծության հետ պարբերաբար միացել, մարդկանց պարտադրել է թաքստոցներ մտնել: Առավոտ՝ լույսը բացվելուն պես, բնակիչների ու փրկարարաների հետ նաև լրագրողներն են արձանագրում արկերի ավերածությունները:
Գիշերվա պարբերաբար հրետակոծությունից հետո այս տունը հիմնովին է ավերվել, սրանք վնասվել են, ամենուրեք այստեղ բեկորներ են թափված:
Ավերված տանը, բարեբախտաբար, հրետակոծության ժամանակ մարդ չի եղել: Չէին գնում, համառում էին, մեկ-երկու օր առաջ դուրս եկան՝ իր տան փշրված պատուհանները թողած՝ հարևանի համար է մղկտում այդ տղամարդը:
Ասում է՝ իրենք ապաստարանում էին, բայց խփելու ուժեղ աղմուկից հասկացան, որ հարվածը մոտիկ է: Մի ամբողջ կյանք արկերի այնքան ձայն են լսել՝ անմիջապես կողմնորոշվում են. այս մեկը «Սմերչով» էր, կրակել են, ամենայն հավանականությամբ, շփման գծի արևելյան ուղղությունից:
Այս հարվածից զոհեր-վիրավորներ, փառք Աստծո, չկան, խոր շունչ են քաշում մարդիկ: Թաղերում միայն մեծահասակներ են երևում, կանանց, երեխաներին տարածքից առաջնահերթ են տարել, տներն առավելապես դատարկ են, կանչերին արձագանքող չկա:
Այսպես, ամեն հրթիռակոծությունից հետո ուսումնասիրում են վնասները, զինվորական ու լրագրող միասին՝ հավաքում թափված արկերի բեկորները:
Բոլորը սպասում են Ստեփանակերտի խաղաղ լուսաբացներին: