ԱԺ «Լուսավոր Հայաստան» պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ նոր զինադադարի պայմանագրի կնքելը ենթադրում է փոփոխություն կողմերից մեկի օգտին: Նա վստահեցրեց, որ հայկական կողմը բացասական միտումով որևէ նոր փաստաթուղթ չի ստորագրելու, և բանակցությունները պետք է գնան միայն խաղաղության պայմանագիր կնքելու կամ ավելի բարենպաստ ռեժիմով մեկ այլ պայմանագիր կնքելու շուրջ:
«Մենք պետք է հստակ տարանջատենք 1994 թվականի պայմանագրի դերն ու նշանակությունը այս բանակցային գործընթացում: Եվ եթե մենք բանակցություններ դեռ չունենք, խոսք էլ չի կարող գնալ նոր փաստաթուղթ ստորագրելու մասին: Բանակցությունները պետք է լինեն, հասկանանք՝ ինչ առավելություն եք գրանցել, մեր զինվորի կատարած սխրագործությունն ամրագրվի դիվանագիտական և իրավաբանական հարթակում, նոր դրանից հետո խոսենք կոնկրետ փաստաթղթի մասին»,- նշեց Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ հաջորդ փաստաթուղթը լինելու է խաղաղության պայմանագիրը: