«Խորհրդարանական դիվանագիտությամբ հաջողվել է բոլոր գործընկերներին տեղեկացնել Ադրբեջանի և միջազգային ահաբեկչության կապի մասին, և արդեն երեկ Եվրախորհրդարանում եղան շատ կարևոր ելույթներ: Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ մարտի դաշտում ձեռքբերումը դիվանագիտական մակարդակում արձանագրի»,- հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:
Նրա կարծիքով՝ առանց Արցախի մասնակցության բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել: «Դեռ 1994 թվականի հրադադարի պայմանագրով էլ Արցախն իր սուբյեկտայնությունն ամբողջությամբ իրացրել է և հիմա էլ պետք է շարունակի պնդել, որ պետք է մասնակցի բանակցություններին»,- ասաց Մարուքյանը: