ՀՀ փաստաբանների պալատը հայտնում է, որ իրենք դեսպանատներին, միջազգային կառույցներին և փաստաբանների միություններին կոչ են ուղղել:
Կոչը վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի գործուն և բացահայտ օժանդակությամբ և վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ Արցախի Հանրապետության նկատմամբ ձեռնարկած ռազմական հարձակմանը, որի շրջանակներում թիրախավորվել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, մշակութային կենտրոնը՝ Շուշին:
ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում դեսպանատներին, միջազգային կառույցներին, փաստաբանների միություններին իրենց լիազորությունների շրջանակում իրավական գնահատական տալ նշված իրադարձություններին և խստորեն դատապարտել՝
1. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավումը ռազմական գործողություններին.
2.Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակավայրերի, մշակութային օբյեկտների, եկեղեցու և խաղաղ բնակչության ոչնչացմանն ուղղված պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները.
3. Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործումը:
Փաստաթղթում ներկայացված են նաև Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստերը և իրավական վերլուծությունը: