ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստը՝ չնայած ռազմական գործողություններին, կկայանա: Պատվիրակությունների անդամներն արդեն սկսել են ժամանել Երևան:
Մինչև նիստի մեկնարկը լրագրողների և հայաստանցի գործարարների հետ են հանդիպել էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը և կառույցի կոլեգիայի անդամները: Ինչո՞ւ Ռուսաստանը չի բացում օդային սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Երևանում համոզված են՝ Մոսկվայի որոշումը պայմանավորված է բացառապես առողջապահական նկատառումներով:
Գեղամ Վարդանյան (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ) - Ամեն ինչ պայմանավորված է այս պահի թվերով և վիճակագրությամբ: Գործում են որոշակի սահմանափակումներ, որոնք կապված են մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության արձանագրված նոր դեպքերի կամ 100 հազարին բաժին ընկնող հիվանդների թվի հետ: Եթե այդ ցուցանիշները համապատասխանում են ներկայացված պահանջներին, Ռուսաստանը բացում է սահմանները:
Ավելի վաղ Մոսկվան վերականգնել էր կանոնավոր ավիափոխադրումները ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների հետ, բացառությամբ Հայաստանի: Վաղվա նիստի օրակարգում սա առաջին հարցն է: Փորձելու են սահմանել միասնական չափանիշներ՝ քաղաքացիների տեղաշարժը կազմակերպելու համար: Մինչև այդ կառույցում փորձել էին հասկանալ՝ ի՞նչ դժվարությունների են առնչվում հայ գործարարները արտահանման գործընթացը կազմակերպելիս: Իրավիճակն այս ուղղությամբ վերջին տարիներին զգալի բարելավվել է՝ նշում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Սակայն, որոշ խնդիրներ կան նաև այժմ և լուծում չեն ստանում:
Այդ խնդիրները նույնպես քննարկելու են կառույցի կոլեգիայի անդամները: Բիզնեսի հետ հանդիպումը հենց այդ նպատակն ունի՝ գույքագրել ապրանքի ազատ տեղաշարժը խոչընդոտող բոլոր պատճառները: