Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը և Ադրբեջանի հարձակումը անսպասելի չէին Հայաստանի համար՝ ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրա մասին էր վկայում Բաքվից հնչող ատելության հռետորաբանությունը: Փոխարենը անակնկալ էր ահաբեկիչների ներգրավումը ռազմական գործողություններում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Դա փոխում է այս իրադարձությունների ամբողջ ենթատեքստը: Ռուսական հատուկ ծառայությունն արդեն պաշտոնապես հաստատել է որոշ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների մասնակցությունը ռազմական գործողություններին: Հիմա փաստացի Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկության դեմ։
Հակառակորդը փորձում է շարքից դուրս բերել Արցախի պաշտպանության բանակի նյութատեխնիկական մասը: Ինչպե՞ս են այս ամենին հակազդում հայկական ուժերը: Փաշինյանը փակագծերը շատ չբացեց, սակայն նշեց՝ զինվորականները խնդիրը հաջողությամբ լուծում են:
Նիկոլ Փաշինյան - Մենք այդ ամենին հակազդում ենք զինված ուժերի արագաշարժությամբ, նաև կատարում ենք նախազգուշացնող հարվածներ: Մինչև այժմ դա մեզ մոտ վատ չի ստացվում:
Պաշտպանության բանակը նաև հաջողությամբ խփում է հակառակորդի անօդաչու թռչող սարքերը։
Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնել է՝ եթե կա իրական ցանկություն լուծել խնդիրը, ապա պետք են փոխզիջումներ:
Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ ՝ հայկական կողմը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջման: Եթե Ադրբեջանն էլ դրան պատրաստ լինի, դա կփոխի իրավիճակը։
Պատերազմը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից: Ահաբեկիչների առկայությունը մեծ սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների համար, որը գլոբալ անվտանգության սպառնալիք է ամբողջ աշխարհի համար: Իսկ Թուրքիայի ներգրավվածությունը փոխում է ամբողջ համատեքստը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Անկարան վերադարձել է տարածաշրջան՝ շարունակելու ցեղասպանության քաղաքականությունը:
Նիկոլ Փաշինյան - Միջազգային գործընկերները պետք է կոնկրետ հետևություններ անեն: Քանի որ խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության մասին չէ: Դա երկրների մի մեծ շրջանի, այդ թվում՝ գերտերությունների անվտանգության հարց է:
Եթե իրավիճակի վերլուծությունը ցույց տա, որ Արցախի անկախության ճանաչումը կօգնի հանրապետությանը և հարցի լուծմանը, ապա Հայաստանը կգնա այդ քայլին՝ հայտարարել է Փաշինյանը: