Թուրքական լիրան ռեկորդային նվազագույն ցուցանիշ է արձանագրել դոլարի նկատմամբ: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Թուրքական արժույթի կտրուկ անկման պատճառը Թուրքիայի նկատմամբ ամերիկյան հավանական պատժամիջոցների կիրառումն է, լարված հարաբերությունները Եվրամիության հետ և կովկասյան տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունները:
Այս տարի թուրքական լիրան արժեզրկվել է 24 տոկոսով: Թուրքական ազգային արժույթն ընկել է՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով 7.89 լիրայի:
Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ավելի հավանական է դարձել այն մտահոգությունից հետո, երբ հայտարարվել էր, որ Անկարան սկսելու է ռուսական S-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգերի փորձարկումը:
ԵՄ-ի հետ լարվածությունն առաջացել էր Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի նկրտումները սանձելու Եվրոպայի մտադրությունից:
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողություններում Բաքվին բացահայտ աջակցությունը Անկարային հեռացրել է մեծ տերություններից՝ մտահոգություն առաջացնելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների մոտ, որոնք հրադադարի հաստատման կողմնակից են: