Հոկտեմբերի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է հանդիպում Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պաշտոնյաներ, մասնավորապես՝ ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը, ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ԵՏՀ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանը և ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն իր ներածական խոսքում էկոնոմիկայի նախարարության անունից ողջունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաներին ու միջոցառման մասնակիցներին և հույս հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա բիզնեսի հետ երկխոսության զարգացման համար ու կօգնի համախմբել Եվրասիական տնտեսական միության որոշակի նպատակներին հասնելու բոլոր ջանքերը, ինչպես նաև հիմք կհանդիսանա ինտեգրման գործընթացների խորացման համար:
«Փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացումը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության առաջնահերթություններից մեկը, որի նպատակն է ապահովել ներքին շուկաների գործունեությունը առանց խոչընդոտների, որոնք սահմանափակում են ձեռնարկատերերի մուտքի ազատությունը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ: Անհրաժեշտ ենք համարում ինտեգրման գործընկերների հետ միասին շարունակել վերացնել բացերը։ Կարևոր է ակտիվացնել ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկաներ ստեղծելու, արդյունավետ լոգիստիկ հանգույցներ կառուցելու, Միության տարանցիկ ներուժը մեծացնելու ուղղությամբ ջանքերը՝ կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար բարենպաստ պայմաններ ապահովելու, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման խոշոր նախագծեր իրականացնելու նպատակով: Համոզված ենք, որ մեր ինտեգրացիոն միության շրջանակներում իրավահավասար համագործակցության հաստատումը կծառայի բիզնեսի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու և մարդկային ներուժը լիարժեք իրագործելու համար»,- ասել է Վարոս Սիմոնյանը:
Այնուհետև հանդիպմանը ներկա գործարարները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերը ներկայացնելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նախարարներին և ստանալու մանրամասն պարզաբանումներ։ Հարցերը հիմնականում վերաբերել են արտահանման հետ կապված խնդիրներին։
Մինչ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը ԵՏՀ պաշտոնյաները հանդիպում են ունեցել նաև լրագրողների հետ։