Առավոտյան 8-ն է։ Բելգիահայերին միացել էին նաև Հոլանդիայի և Գերմանիայի մեր հայրենակիցները։ Հավաքված բազմությունը «Էրդողան՝ ահաբեկիչ», «Անկախ Արցախ» վանկարկումներով փորձում էր իր ձայնը լսելի դարձնել Եվրախորհրդարանում նախատեսված լիագումար նիստի քննարկումից առաջ։ Նիստից առաջ հայերին նեցուկ լինելու էին եկել նաև մի քանի եվրախորհրդարանականներ։ Նախ բեմից վստահեցրին իրենց անմնացորդ աջակցության մասին, ապա շտապեցին Եվրախորհրդարան՝ Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնելու համար։
Պիթեր վան Դալեն (ԵԽ պատգամավոր) - Էրդողանը փորձում է ոչնչացնել հայերին, և ես այստեղ եմ ասելու համար, որ մեր հայ բարեկամները մենակ չեն։ Եվրոպական այս կառույցները պետք է փոխեն իրենց ներկա կեցվածքը։
Ֆրանսուա Ալֆոնսի (ԵԽ պատգամավոր) - Այստեղ եմ սատարելու համար Արցախի ժողովրդին, որը պայքարում է իր ազատության համար։ Եվրոպան պետք է ոչ թե շատախոսի, այլ գործի անցնի։
Բելգիահայ կոմիտեի նախագահ Նիկոլա Դավիթյանը հիշեցրեց՝
Նիկոլա Դավիթյան (Բելգահայ կոմիտեի նախագահ) - Այստեղ ենք, քանի որ հավատում ենք քաղաքակրթությանն ու խաղաղությանը։ Այստեղ ենք, քանի որ երբեք չենք զիջելու բարբարոսներին։
Եվրահանձնաժողովից մինչև Եվրախորհրդարան էինք շտապում, իսկ ճանապարհին երթևեկությունը դանդաղել էր՝ տարբեր ավտոմեքենաների միջից եռագույնն էր ծածանվում։ Բրյուսելի ամենաբանուկ Եվրոպական թաղամասում անցորդներն անտարբեր չէին մնում։
Մինչև եվրոպահայությունը բարձրաձայնում էր Արցախի ժողովրդի իրավունքների, խաղաղության և Թուրքիայի ահաբեկչական կեցվածքի մասին, ԵԽ-ում սկսվեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումը։ Տասնյակ պատգամավորներ եկել էին բարձրաձայնելու իրենց մտահոգությունների, Թուրքիայի կայսերապաշտական կեցվածքի և Բաքվի ռեժիմին պատժելու անհրաժեշտության մասին։
Պատգամավորների գերակշռող մեծամասնությունը դատապարտեց Թուրքիայի մասնակցությունը, հիշեցրեց, որ դա նույն Թուրքիան է, որը նույնիսկ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել։
Եվրախորհրդարանականները կոչ արեցին գործել, քանի դեռ ուշ չէ, Անկարայի և Բաքվի վարած քաղաքականության դեմ պատժամիջոցներ կիրառել։ Պատգամավորներից շատերը նշեցին, որ գազամուղները, տնտեսական կապերն անշուշտ կարևոր են, բայց չպետք է մոռանալ, որ ԵՄ-ն հիմնարար արժեքների և մարդու իրավունքի հիման վրա է ստեղծվել։ Արցախի ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ու ժողովրդավար կյանքով ապրելու։ Պատգամավորները հստակ արտահայտեցին իրենց զորակցությունը Հայաստանին և Արցախին։ Կոչեր եղան հստակ տարանջատելու ագրեսորին և տուժածին։ Ինքնորոշման իրավունքը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվեց։ Պատգամավորներից ոմանք կոչ արեցին Եվրախորհրդարանին ճանաչել Արցախի անկախությունը:
Իոաննիս Լագոս (Հունաստան) - Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության շարունակությունն է: Հիմա հարց ունեմ պարոն Բորելին. մինչև ե՞րբ պետք է մենք հանդուրժենք Թուրքիայի այս անընդունելի պահվածքը: Անցյալում նրա իրականացրած անընդունելի պահվածքը կրկնվում է հենց հիմա: Անցած 16 ամսվա ընթացքում ես Եվրամիությունից միայն բառեր եմ լսում, սակայն գործողություններ չկան: Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, նա էլ հարվածում է հայ բնակչությանը: Լեռնային Ղարաբաղում ապրել ցանկացող մարդիկ հենց հիմա հարձակման են ենթարկվում: Մենք անհապաղ պետք է գործի դնենք Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ և անհապաղ ֆինանսական և ռազմական օժանդակություն տրամադրենք Հայաստանին: Ես հայտարարում եմ, որ ցանկություն ունեմ միանալու հայկական բանակին՝ կռվելու Ադրբեջանի դեմ:
Բեռնար Գետա (Ֆրանսիա) - Մենք հիշում ենք հայերի ցավը: Ստալինն այնպես էր արել, որ ԽՍՀՄ անդամ բոլոր երկրներն ունենան առնվազն մեկ ազգային փոքրամասնությամբ բնակեցված շրջան: Պետք է ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ գործենք:
Մալիք Ազմանի (Նիդեռլանդներ) - Ինչո՞ւ մինչև հիմա Թուրքիայի կողմից ահաբեկիչների ուղարկումը հակամարտության գոտի չի հաստատվել և չի դատապարտվել: ԱՄՆ-ն այդքան հզոր հետախուզական ծառայություններ ունի: Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Պարո՛ն Բորել, Դուք պատասխանատու եք Եվրոպայի հուժկու պատասխանները պատրաստելու համար:
Նիստից անմիջապես հետո մեր նկարահանող խումբը շտապեց հարցազրույցի՝ Եվրահանձնաժողովի արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Փիթեր Սթանոյի հետ։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրախորհրդարանի լիագումար բանավեճում Բորելի հայտարարությանը, թե տեղեկատվության բացակայության և կեղծ լուրերի առկայության մթնոլորտում դժվար է գնահատական տալ, մատնանշելով չեզոք միջազգային հարգված լրատվամիջոցների հաղորդագրություններ և լուսաբանումներ իրավիճակի վերաբերյալ, ցանկացանք իմանալ՝ որքանո՞վ դժվար է պարզել ադրբեջանական ագրեսիայի փաստը, նրանց կողմից կասետային զինամթերքի օգտագործումը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ:
Փիթեր Սթանո (Եվրահանձնաժողովի արտաքին հարցերով գլխավոր խոսնակ) - Հակամարտություններում ճշմարտությունն առաջին զոհն է միշտ։ ԵԱՀԿ մոնիթորինգը կասեցված է։ Այս օրերին տեղեկությունները կամ մի կողմից են, կամ՝ մյուս։ Բայց յուրաքանչյուր պատասխանատու կառույց որպեսզի կարողանա լուրջ հայտարարություններով հանդես գալ, պետք է ստուգի ամբողջ ինֆորմացիան։ Այո, կասետային զինամթերքի օգտագործման, համամարդկային միջազգային իրավունքի խախտման դեպքեր է գրանցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, և մենք հիմք ենք ընդունում դա։ Հենց այդ պատճառով է, որ շատ մտահոգված ենք և կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել։ Զենքերը պետք է լռեն, ու բանակցությունների միջոցով լուծումներ փնտրվեն։
Բորելին քննադատող շատ եվրախորհրդարանականներ կոչ արեցին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։ Այս հարցի վերաբերյալ Սթանոն հիշեցրեց, որ ԵՄ որոշում կայացնելու համակարգը միաձայնության հիմունքով է, ինչը էլ ավելի է բարդացնում իրավիճակը։
Փիթեր Սթանո - Անցնող շաբաթ գագաթնաժողովի ընթացքում ԵՄ անդամ պետությունները հստակ նշեցին այն ժամանակահատվածը, որի ընթացքում Թուրքիան պետք է փորձի իր իսկ ստեղծած լարվածությունը մեղմացնել և վերսկսել կառուցողական, նորմալ հարաբերություններ։ Եթե մինչև մյուս գագաթնաժողով որևէ դրական փոփոխություն չգրանցվի, մենք պատրաստ կլինենք այլ քայլերի դիմել։ Խնդիրն այն է, որ ԵՄ բոլոր առաջնորդները պետք է միաձայն լինեն պատժամիջոցների հարցում։ Բայց այսօր կա առնվազն մեկ երկիր, որը սատարում է Թուրքիային՝ հանձին Հունգարիայի:
Մինչ «Լուրերի» հետ բացառիկ զրույցում Սթանոն փորձում էր դիվանագիտական պատասխաններ տալ, հենց Եվրահանձնաժողովի առջև հայ ցուցարարները փակել էին Եվրոպական թաղամասի ամենաբանուկ հատվածում գտնվող երթևեկելի թունելը։
Հայուհի - Մեր նպատակն է, որ պատգամավորներն ու Եվրահանձնաժողովը մեզ լսեն և պատժամիջոցներ կիրառեն վայրկյան առաջ։
Երկար բանակցությունների արդյունքում ցուցարարները հրաժարվեցին բացել ճանապարհը։ Ոստիկանությունը ստիպված եղավ գործի դնել ջրցան մեքենաներ, սակայն երկար ժամանակ դա էլ արդյունք չտվեց։ Ի պատասխան ջրցան մեքենաների՝ բազմությունը վանկարկում էր «Ճանաչել Արցախի անկախությունը»։ Արցունքաբեր գազ, հրմշտոց, ոստիկանական կոշտ միջամտություն՝ մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի ցուցարարներին հետ մղեն դեպի ոչ երթևեկելի հատված։