«Ռազմական դրություն հայտարարելու օրը մենք խորհրդարանում բացել ենք Արցախի անկախության ճանաչման հարցը: Դա բացված հարց է այլևս, այսինքն՝ քննարկման առարկա: Եթե դիտեք վարչապետի հարցազրույցը տարբեր միջազգային ալիքներին, հարցն այնտեղ արդեն հնչում է: Հնչում է, որովհետև արդեն բացել ենք հարցը, ուղերձները տեղ են հասել: Հետևաբար, եթե կարիք լինի շարունակել քննարկումն ուղերձ անելուց բացի, դա էլ կարվի: Այս պահին, ես կարծում եմ, դա դեռևս արդիական չէ: Հիմա չէ դա անելու ժամանակը»,- ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա մեկնաբանեց, որ Հայաստանը երկար տարիներ բանակցել է ԼՂ խնդրի շուրջ, բայց չի ճանաչել Արցախի անկախությոնյը՝ հույս ունենալով, որ բանակցություններով խնդիրը կլուծվի: «Դա արել ենք, որ դուրս չգանք բանակցային ֆորմատից, որովհետև ճանաչում՝ նշանակում է փակել բանակցային ֆորմատը: Ադրբեջանը հարձակվելով մեզ վրա՝ իրեն դուրս է դրել բանակցային ֆորմատից: Հետևաբար կարող ենք մենք էլ մեզ թույլ տալ դուրս դնել այդ ֆորմատից: Բայց կարևոր հանգամանք կա այստեղ. Հայաստանն աշխարհում ընկալվում է որպես միջազգային հանրության համար ադեկվատ գործընկեր, հետևաբար, այս ամենը հաշվի առնելով մենք մեզ չպետք է պահենք այնպես, ինչպես պահում է թշնամին: Ու քանի դեռ հնարավորություններ կան բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու, և ինչի մասին խոսվում է, ուրեմն՝ տեղ կա շարունակելու»,- նշեց Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ՌԴ նախագահն իր խոսքում առանձնացրել է Հայաստան, Ադրբեջան ու Արցախ: «Այս առումով նա Արցախի՝ առանձին սուբյեկտ լինելն իր հռետորաբանությամբ ճանաչում է: Սա կարևոր ուղերձ է՝ ուղղված թե՛ Ադրբեջանին, թե՛ միջազգային հանրությանը»,- շեշտեց Մարուքյանը:
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ այս առնչությամբ հայտարարեց, որ Հայաստանը Արցախի միջազգային իրավասու սուբյեկտայնությունը ճանաչել է: «Իր ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող ժողովուրդը միջազգային իրավունքի սուբյեկտ է, ինչ որոշում էլ կայացնի՝ պարտադիր է բոլոր պետությունների համար: ՀՀ-ն իրավաբանական տեսանկյունից որպես այդպիսին ճանաչել է Արցախի ժողովրդի ստեղծած պետությունը»,- նշեց նա: