Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 8-ին այցելել է հիվանդանոց՝ ճշտելու համար ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցրած հարվածից տուժած երեք օտարերկրյա լրագրողների առողջական վիճակը և դեպքի հանգամանքները:
Հիվանդանոցի ղեկավարությունը Պաշտպանին տեղեկացրել է, որ դեպքից տուժել են երեք ՌԴ քաղաքացի լրագրողներ, որոնցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը՝ ծանր:
Պաշտպանը պարզել է, որ հարվածի պահին լրագրողները մասնագիտական աշխատանք էին կատարում եկեղեցում՝ լուսաբանելով եկեղեցուն հասցված առաջին հարվածի հետևանքները:
Դեպքի վայրում ներկա տարբեր քաղաքացիների ու լրագրողների վկայությամբ՝ հարվածի նախընթաց շրջանում եկեղեցու գլխավերևում անօդաչու թռչող սարք էր պտտվում, որն էլ այնուհետև հարվածել է եկեղեցուն: Այդ փաստերը հստակ ցույց են տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի է եղել, որ հարվածում են եկեղեցուն և որ ներսում առկա էին տարբերանշանով լրագրողներ:
Հետևաբար, անվիճելի է, որ Ադրբեջանը դիտավորյալ ու թիրախային հարված է հասցրել լրագրողներին ու եկեղեցուն: Ավելին, փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաև Շուշիի մզկիթի շրջակայքը:
Խստագույնս դատապարտելով լրագրողների և եկեղեցու հերթական դիտավորյալ թիրախավորումը Ադրբեջանի կողմից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը դրանք որակում է որպես պատերազմական ու մարդկության դեմ հանցագործություններ: Պաշտպանը հորդորում է միջազգային իրավապաշտպան կառույցներին համապատասխան գնահատական տալ այդ դեպքին և միջոցներ ձեռք առնել մեղավորներին պատժելու ուղղությամբ: