Արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով ահաբեկիչների տեղակայումը և նրանց կողմից իսրայելական արտադրության զենքերի կիրառումը հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար մտահոգիչ է՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Իրանի նախագահի հայտարարությունն այնքան հստակ է, և նա ըստ էության խոսեց ահաբեկչական խմբերի վտանգավորության մասին, նույնիսկ նշեց իրենց հայտնի գեներալի մահվան հանգամանքը: Բայց Իրանի նախագահը շատ լավ հասկանում է, որ այդ խմբերը, եթե շարունակաբար տեղակայվեն մեր անվտանգության գոտու մատույցներում, ուղղակի վտանգ է Իրանի համար, քանի որ այդ խմբերն օգտագործում են իսրայելական զենքեր: Իսրայելի մասնակցությունը սպառազինության մասով Իրանի համար արդեն մարտահրավեր է: Թուրքիան, բերելով մարդկային ռեսուրսը, նրանց զինում է այլ երկրներից եկած զենքերով, իսկ Իրանը շատ զգայուն է այդ հարցերում», -նշեց Անդրանիկ Քոչարյանը: