Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը հոկտեմբերի 9-ին արտահերթ նիստ է գումարելու:
«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:
1lurer.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված են Վարչական իրավախախտումների, Քրեական և Աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը: Մասնավորապես, վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքերում փոփոխություններով առաջարկվում է պատիժ սահմանել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելու, ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի գործունեությանը խոչընդոտելու համար: Իսկ աշխատանքային օրենսգրքով նախատեսված են կարգավորումներ ռազմական դրության ժամանակ զորակոչվելու կամ կամավորագրվելու դեպքում աշխատանքը պահպանելու վերաբերյալ: