Այսօր առավոտից հակառակորդը սկսել է հարձակողական գործողություններ հարավային ու հյուսիսային ուղղությամբ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ հայկական զինված ուժերը պատասխան կրակով ոչնչացրել են զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա և այլ միջոցներ՝ հետ շպրտելով հակառակորդին:
«Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ։ Այսօր և անցնող ողջ գիշերը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են Արցախի տարբեր բնակավայրեր՝ Ստեփանակերտը, Շուշին և այլն, ինչին ես անձամբ ականատես եմ եղել։ Այսօրվա հրթիռակոծության հետևանքով կան նաև վիրավորներ լրագրողների շարքերում։ Այսօր երկու անգամ,- ինչն ապացուցում է գործողությունների դիտավորությունը,- Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքին, որի հետևանքով վանքը զգալիորեն տուժել է»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ներկայացրեց նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասները:
«Միայն Արցախում ընդհանուր առմամբ կա 93 վիրավոր, որից միայն 20-ը՝ թեթև կամ միջին ծանրության, մյուսները՝ ծանր։ Կա 20 զոհ՝ չհաշված ՀՀ տարածքում մեկ զոհը; Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք՝ շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածներ»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դեռ չեն ամփոփվել երեկ գիշերվա և այսօրվա ցուցանիշները: