ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Հայաստանին ռազմական աջակցություն կցուցաբերի տարածքային ամբողջականության դեմ իրական սպառնալիքի կամ ուղիղ ռազմական հարձակման դեպքում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:
«Պետք է դիտարկել երկու շեմ: Առաջինը՝ երբ իրական սպառնալիքներ են ստեղծվում ՀԱՊԿ-ի ցանկացած անդամ պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու անվտանգության դեմ: Այս դեպքում նա իրավունք ունի դիմել ՀԱՊԿ-ին, գործի է դրվում միջպետական, այդ թվում՝ արտակարգ խորհրդակցությունների մեխանիզմը և այդ պետության հայցի համաձայն երկրին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն կամ աջակցություն»,- լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Երկրորդ դեպքը ագրեսիան է, այսինքն՝ ռազմական հարձակումը: Այն դիտարկվում է որպես ագրեսիա մեր բոլոր պետությունների դեմ: Այդ դեպքում էլ՝ մեր երկրի հայցով, ագրեսիայի օբյեկտին անհապաղ ցուցաբերվում է ցանկացած օգնություն, այդ թվում՝ ռազմական: Նման դեպքերում գործարկվում է ՀԱՊԿ-ի արձագանքման ռեժիմը»,- հայտնել է Ստանիսլավ Զասը: