Նիդեռլանդների օրենսդիր մարմինը բանաձև է ընդունել, որով կառավարությանը կոչ է արել դատապարտել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանին քաջալերող Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները: Փաստաթուղթն ընդունվել է Նիդեռլանդների Թագավորության սոցիալիստական կուսակցության անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ:
Հարցի քննարկումից հետո խորհրդարանն արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կրկին մեծ ինտենսիվությամբ շարունակվում են, Թուրքիան իր ագրեսիվ պատերազմական հռետորաբանությամբ քաջալերում է Ադրբեջանին` շարունակել պատերազմը: Օրենսդիր մարմնի խորհրդարանականները հայտնել են, որ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն նախ կրակի դադարեցման և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու ուղղությամբ: