ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում լավ լուր է հայտնել:
«Քիչ առաջ հեռախոսազանգ ստացա իմ լավ բարեկամ, իսլանդացի հայտնի բժիշկ Հիլմար Կյարտանսոնից, ում հետ հեռախոսազրույց էի ունեցել առավոտյան և դիմել մի խնդրանքով։
Բժիշկ Կյարտանսոնը սիրով ընդառաջեց խնդրանքիս՝ բժիշկների թիմով այցելել Հայաստան՝ օգնելու և վերապատրաստելու մեր բժիշկներին իսլանդական տրանսպլանտների կիրառման գործում։
Հիլմարի հետ Հայաստան է ժամանում նաև անգլիացի լեգենդար ռազմական բժիշկ, այրվածքաբան/վնասվածքաբան Սթիվեն Ջեֆրին, որը աշխարհի տարբեր կոնֆլիկտային գոտիներում հումանիտար առաքելության ավելի քան 20 տարվա փորձ ունի։
Սթիվեն Ջեֆրին «Բիրմինգհեմի ռազմական բժշկության արքայական կենտրոնի», ինչպես նաև Բիրմինգհեմի համալսարանի «Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի» պրոֆոեսոր է։ Բժիշկներն առավոտյան արդեն կլինեն Հայաստանում և անմիջապես գործի կանցնեն Այրվածքաբանության ազգային կենտրոնում՝ կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանի և մեր բժշկական թիմի հետ միասին։
Նշեմ, որ Հիլմար Կյարտանսոնի հետ համագործակցության համաձայնություն եմ ձեռք բերել դեռ ընթացիկ տարվա հունվարին Իսլանդիա կատարած այցիս շրջանակներում։
Բժիշկները գալիս են կամավոր և առանց որևէ շահույթ հետապնդելու։
Շնորհակա՛լ եմ, Իսլանդիա՛»: