Ստեփանակերտում ուսումնասիրվում են ավերածությունները, վնասները: Բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել, և որևէ խուճապի խնդիր չկա՝ տեղեկացրել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ էլեկտրաանջատումների հետ կապված գրեթե բոլոր խափանումները վերականգնվել են, և այս պահին էլ աշխատանքներ են տարվում, որ անջատումներ չլինեն: Ըստ փոխքաղաքապետի՝ խնդիր կա միայն գազամատակարարման հետ կապված, ինչն էլ պայմանավորված է անվտանգության կանոններով: Ջրամատակարարումն ապահովվում է շուրջօրյա: Թամրազյանի խոսսքով՝ այս պահին խմբերն աշխատում են, որպեսզի որևէ ծառայություն չպակասի:
«Սանմաքրման աշխատողները վաղ առավոտյան ռումբերի տակ դուրս են գալիս և բերում են քաղաքը նորից այն վիճակին, որը պետք է լինի թե՛ խաղաղ ժամանակ, թե՛ այս պահին»,- ասաց Թամրազյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ ունեն ապաստարաններ, որոնք կահավորված են եղել: Այս օրերին ապաստարաններում պատսպարված են բնակիչները: Հայտնեց, որ ժողովրդի հետ կապը պահում են թեժ գծերի միջոցով:
«Օրվա առաջին կեսին ընդունում ենք այդ զանգերը, օրվա երկրորդ կեսին մեր կամավորների, ավագանու անդամների, աշխատակիցների միջոցով, որոնք զորակոչին չեն մասնակցում, փորձում ենք հասցնել այն ամենաանհրաժեշտը մեր բնակիչներին, որոնք պատսպարված են»,- ասաց Թամրազյանը: