Ուրուգվայի կառավարությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնության աճի կապակցությամբ, որում դատապարտում է հարձակումները հայ ժողովրդի նկատմամբ։
«Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև զինված առճակատման վատթարացման հետևանքով Ուրուգվայի կառավարությունը ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում ապակայունացման ռիսկի վերաբերյալ, ինչպես նաև իր համերաշխությունը այդ գործողությունների ընթացքում տուժածներին և զոհերի ընտանիքներին: Ուրուգվայը դատապարտում է հարձակումները հայ ժողովրդի դեմ, որի հետ միշտ պահպանել է ամուր բարեկամական կապեր»:
Ուրուգվայը վերահաստատում է իր աջակցությունը միջազգային հանրության կոչերին՝ երկու կողմերի միջև արդյունավետ և անհապաղ հրադադարի հաստատման, երկխոսության վերականգնման վերաբերյալ, որն, ըստ Մոնտեվիդեոյի, անփոխարինելի պայման է հակամարտության խաղաղ կարգավորման համար: