Ազգային ժողովում 88 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունեց Կառավարության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ ԱԺ պատգամավորների կողմից առաջարկ չի ներկայացվել, իսկ Կառավարությունն ունի երկու առաջարկ:
«Հաշվի առնելով, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է համավարակով ստեղծված իրավիճակով, երբ մեր քաղաքացիներրը, ֆիզիկական անձինք նախկինում ներգրավված վարկերի բարեհաջող սպասարկման հետ կապված խնդիրներ են ունեցել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կորցրել են կայուն եկամտի աղբյուրը, կամ այդ եկամուտը կրճատվել է, և, հաշվի առնելով, որ այս միտումը սկսել է դրևորվել ապրիլի սկզբից սկսած, հետևաբար այս վարկերը չեն հասցրել 271 և ավելի օր կետանցված լինել պարզապես ժամանակի առումով, ըստ այդմ անհուսալի չեն ճանաչվել, ինչը նշանակում է, որ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով առաջարկվող կարգավորումն այս վարկերի նկատմամբ չէր կարող կիրառելի լինել: Մինչդեռ դրանց ծավալը պորտֆելի առումով բավական մեծ է՝ շուրջ 37 միլիարդ դրամի չափով է գնահատվում, իսկ վարկային պայմանագրերի թիվը՝ շուրջ 100 հազար»,- ասաց փոխնախարարը:
Ըստ Պողոսյանի՝ կարևորելով այդ հանգամանքը՝ Կառավարությունն առաջարկում է նախագծի կարգավորման շրջանակն ընդլայնել նաև այդ մասով, և վարկային պայմանագրերի մասով հաշվեգրված տույժերը և տուգանքները ներելու համար նույնպես ստեղծել նպաստավոր հարկային միջավայր:
«Երկրորդ առաջարկն ըստ էության հստակեցնող և հնարավոր երկիմաստ մեկնաբանություններից զերծ պահող նշանակություն ունի: Առաջարկվում է նախագծի անցումային դրույթներով հստակեցնել, որ առաջարկվող կարգավորումները տարածվում են ոչ միայն օերնքն ուժի մեջ մտնելուց հետո ներվող տույժերի և տուգանքների վրա, այլ նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ներվող տույժերի և տուգանքների վրա, որոնք մի դեպքում 2020 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կլինեն անհուսալի վարկերին վերաբերող, մյուս դեպքում՝ նույն ամսաթվի դրությամբ կլինեն 91 և ավելի օր չսպասարկված վարկերին վերաբերող»,- ասաց Պողոսյանը: