ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ճեպազրույցի ընթացքում հիշեցրեց, որ Եվրոպական դատարանը սեպտեմբերի 29-ին կիրառել է միջանկյալ միջոց՝ կոչ անելով Ադրբեջանին և ՀՀ-ին՝ իրենց գործողություններում պահպանել կոնվենցիայով նախատեսված պահանջները և չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներին ու բնակավայրերին:
Կիրակոսյանն ընդգծեց, որ խոսքը ՀՀ-ի դիմումի հիման վրա միջանկյալ միջոց կիրառելու մասին էր, և դատարանը գործել էր Հայաստանի ներկայացրած ապացույցների հիման վրա:
«Դրանից հետո արդեն ամենօրյա ռեժիմով մենք դատարան ենք ներկայացրել ապացույցներ Ադրբեջանի կողմից թույլ տրված թե՛ կոնվենցիոն, թե՛ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների մասին: Մինչև երեկ էլ վերջին թարմացումն ուղարկվել է, այսօր էլ, կարծում եմ, կուղարկենք նոր թարմացումներ, որպեսզի ի ցույց դրվեն, թե Ադրբեջանն ինչպես է տոտալ անտեսում թե՛ մարդասիրական իրավունքի և թե՛ կոնվենցիոն պահանջները, թե՛ մարդու իրավունքների վերաբերյալ նվազագույն չափանիշները»,- ասաց Կիրակոսյանը:
Ըստ Կիրակոսյանի, հաշվի առնելով Թուրքիայի մասնակցության վերաբերյալ միջազգային մամուլում առկա տվյալները, տարբեր պետությունների ղեկավարների և ԱԳ նախարարությունների հայտարարությունները՝ Սիրիայի, Լիբիայի տարածքից վարձկաններ և ահաբեկիչների մասնակցությունն Արցախում ռազմական գործողություններին ապահովելու վերաբերյալ, հայկական կողմը նաև այս առումով է դիմել ՄԻԵԴ: Ներկայացվել են ապացույցներ նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու համար:
«Իրականում մեր ներկայացրած դիմումից անմիջապես հետո ի հայտ եկավ ռուսական արտաքին հետախուզության տարածած հաղորդագրությունը, որը ներկայացվեց դատարանին անմիջապես դրանից հետո: Նաև ստացանք դատարանի որոշումը, ըստ որի՝ հաշվի առնելով կոնֆլիկտի էսկալացիան՝ կոչ էր արվում կոնֆլիկտի մեջ ուղղակի և անուղղակի ներգրավված բոլոր պետություններին, այդ թվում՝ Թուրքիային՝ զերծ մնալ գործողություններից»,- ասաց Կիրակոսյանը:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի խոսքով, այս դեպքում էլ դատարանի որոշումը կայացվել է ՀՀ-ի ներկայացրած ապացույցների հիման վրա:
«Այս կոնտեքստը հաշվի առնելով՝ պարզ է, որ խոսքն այստեղ Թուրքիայի ներգրավվածության մասին, որովհետև այն ապացույցները, որ ներկայացրել էր Կառավարությունը. վերաբերում էին միայն Թուրքիայի կողմից ահաբեկիչներ ներգրավելուն ու Թուրքիայի կողմից վարձկաններ ներգրավելու վերաբերյալ շրջանառվող ապացույցներին, պնդումներին, փաստերին»,- ասաց Կիրակոսյանը: