ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Արցախյան գոյամարտի այս օրերի հերթական հերոսներին:
Հերթական մեր հերոսներից մեկը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Հրանտ Գալստյանն է: Բարձր պետական պարգևը ստանալու է թշնամական 5 տանկ ու 3 ՀՄՄ ոչնչացնելու համար, իսկ մայոր Կարեն Առաքելյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ հակառակորդի 1 տանկ ու 2 ՀՄՄ խոցելու համար:
Շարքային Նարեկ Հովհաննիսյանը, կրտսեր սերժանտ Գառնիկ Բաղդասարյանն ու շարքային Դավիթ Դավթյանը տանկային հաշվարկի կազմով ոչնչացրել են թշնամական 3 ՀՄՄ, ու երեքն էլ ներկայացվել «Արիության համար» մեդալի:
Կրտսեր սերժանտ Ռոբերտ Մաթևոսյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել հակառակորդի 6 տանկ ու 1 ՀՄՄ ոչնչացնելու համար: «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Ալեքսան Սահակյանի վաշտը հայտնվել էր հակառակորդի ծուղակի մեջ: Չի նահանջել, չի հանձնվել, մարտը վարել է մինչև վերջ և, պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ, կազմակերպել է անձնակազմի անվտանգ դուրսբերումը ծուղակից և զբաղեցրել նոր բնագիծ:
Իսկ մայոր Հովհաննես Այվազյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ թշնամական 3 տանկ ոչնչացնելու համար:
Նշված բոլոր զինծառայողները շարքում են և, թերևս մինչև պարգևների ստանալը, ներկայացվեն ավելի բարձր պետական գնահատանքի: