«Այսպիսով՝ ՀՀ վերաքննիչ դատարանն արդեն երկրորդ անգամ անընդունելի է համարում քրեական գործով մեղադրյալ Գ. Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նրա պաշտպանական թիմի ներկայացրած փաստարկները: Փաստորեն, արդեն երրորդ անգամ դատարանները վերահաստատում են նախաքննության մարմնի և դատախազության իրավական դիրքորոշումներն ինչպես կալանավորման պայմանների, այնպես էլ հիմքերի առկայության և բավարարության վերաբերյալ:
Հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ, որովհետև բազմիցս առիթ ունեցել ենք մանրամասն ներկայացնելու:
Մեր երկրի շուրջը տեղի ունեցող պատմական իրադարձությունների ֆոնին, այս գրառումն անում եմ դրա մանրությունը գիտակցելով հանդերձ, սակայն ստիպված, քանի որ այդ նույն իրադարձությունները չխանգարեցին Գ. Ծառուկյանի պաշտպաններին դռնփակ դատական նիստից հետո մամուլի ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ընթացքում, կրկին շահարկումների առարկա դարձնել բազմիցս քննարկված և դատարանների կողմից գնահատականների արժանացած հանգամանքները՝ նախկինում հարցի կապակցությամբ կայացված դատական ակտերից հանված առանձին ձևակերպումներ հատվածական, սուբյեկտիվ մեկնաբանությունների ենթարկելու, իրենց փաստարկներին դատախազների կողմից իբրև թե չպատասխանելու մասին անհիմն պնդումներով:
Մնում ենք այն համոզման, որ այս գործը, դրան առնչություն ունեցող անձանց քրեական հետապնդմանը, խափանման միջոցներին վերաբերող հացրերի քննարկումն ու լուծումը գտնվում են բացառապես քրեադատավարական տիրույթում և պետք է մնան այդ տիրույթում:
Ուստի ևս մեկ անգամ մեր գործընկերներին հորդորում եմ մնալ այդ դաշտում և հատկապես ներկայիս իրողությունների պայմաններում խուսափել նման հարցերն անհարկի քաղաքականացնելու և հանրային կարծիքը զոնդաժի ենթարկելու գայթակղությունից»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի գրառման մեջ։