«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախում ընթացող ռազմական գործողություններին, նշեց, որ միջազգային հանրությունը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ակտիվ ջանքեր են գործադրում:
«Մենք տեսնում ենք, որ այդ երկրների միջև կա կոնսենսուս որոշ հարցերի շուրջ: Առաջին՝ այս ամենը սկսվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, երկրորդ՝ Թուրքիան ուղիղ կերպով մասնակցում է հակամարտության կարգավորման գործընթացին, և դա պետք է կանգնեցվի, Թուրքիան պետք է դուրս գա այդ գործընթացներից, երրորդ՝ կան ահաբեկիչներ, գրոհայիններ, որոնք բերվել են Սիրիայից և գուցե այլ կոնֆլիկտային գոտիներից, ինչի մասին երեկ Ռուսաստանի կողմից հստակ հայտարարություն եղավ՝ նշվեցին անգամ այն ահաբեկչական կազմակերպությունները, որտեղից այդ մարդիկ դուրս են եկել»,- ասաց Զոլյանը:
Պատգամավորը նշեց, որ այդ կոնսենսուսին միացել է նաև Իրանը, որը թեև Մինսկի խմբի համանախագահ երկիր չէ, բայց լուրջ դերակատարություն ունի տարածաշրջանում:
«Կարծում եմ՝ կա իրավիճակի ընդհանուր գնահատական, իսկ ինչպիսի գործողություններ կձեռնարկվեն, արդեն այդ երկրների պատասխանատվությունն է»,- ասաց Զոլյանը: