Հոկտեմբերի 6-ին Միլանի քաղաքապետարանի դիմաց՝ Լա Սկալայի հրապարակում, տեղի է ունեցել խաղաղ ցույց՝ նվիրված Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի քննադատմանը։ Այս մասին հայտնել են Միլանի հայ համայնքից:
Ցույցի ընթացքում հնչել են կոչեր՝ ի նպաստ Արցախի անկախության միջազգային ճանաչման։ Միլանի և Իտալիայի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքին աջակից իտալացիներն արտահայտել են իրենց զորակցությունը հայրենիքում գտնվող իրենց հայրենակիցներին։
Ցույցի ընթացքում Իտալիայի հայոց միության նախագահ Պայքար Սվազլըեանը խոսել է այն մասին, որ Իտալիայի հայոց միության կողմից Իտալիայի նախագահին, Իտալիայի վարչապետին, ինչպես նաև արտգործնախարարությանը կոչ է արվել ավելի հստակեցնել իրենց դիրքորոշումը Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցուցաբերած ագրեսիայի վերաբերյալ։
Իտալիայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տիրայր Վարդապետ Հակոբյանը շեշտել է, որ մենք՝ հայերս, համախմբված ամբողջ աշխարհով, Եվրոպայից, որը համարվել է ճշմարտության օրրան, այսօր պահանջում ենք ճանաչել ճշմարտությունը և պատրաստ ենք պայքարելու հանուն մեր հայրենիքի և հանուն ճշմարտության։
Խաղաղ ցույցից օրեր առաջ հայ համայնքը իրականացրել էր նաև դրամահավաք «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով։