Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան «Լուրեր»-ի հարցին, անդրադարձավ Ստեփանակերտի և այլ բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը:
«Թշնամին թիրախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտներ, և սա ռազմավարություն է: Սա իրենց հոգու կառուցվածքն է, իրենց փիլիսոփայությունը, աշխարհայացքն է: Այսինքն՝ ահաբեկել մեզ, ոչնչացնել քաղաքացիական օբյեկտները, թիրախավորել դպրոցները, մանկապարտեզները՝ փորձելով մեր ժողովրդի կամքը կոտրել և ջարդել. չի՛ հաջողվելու: Ինչքան նրանք նման պահվածք են ցուցաբերում, այնքան ավելի կարծր ենք դառնում մենք:
Այսպիսի հանցագործությունների համար Ալիևն ու Էրդողանն անպայման պետք է կրեն պատիժ՝ ցանկալի է, որ այդ պատիժը լինի միջազգային դատարաններում, որովհետև, եթե մի երկիր, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, առանց իր գործընկերներին տեղյակ պահելու, հանցավոր համաձայնության է գալիս ահաբեկիչների հետ, մտնում է պատերազմի մեջ՝ վտանգելով ամբողջ աշխարհը: Այդ երկրի ղեկավարը պետք է կրի պատասխանատվություն. կրելու են Աստծո առջև, կրելու են նրանք, նրանց ընտանիքները, սերունդները, բայց սա այլ հարց է»,- ասաց Բաբայանը:
Արցախի նախագահի խորհրդականի խոսքով՝ այս պահին, իհարկե, թիրախավորում են բացառապես քաղաքացիական օբյեկտները, ենթակառուցվածքները. անում են ամեն ինչ, որպեսզի մաքսիմալ վնաս հասցնեն մեր բնակիչներին: