Մեր ժողովրդի ոգին շատ մարտունակ ու բարձր է: Այն, ինչ անում են հիմա Արցախը և Մայր Հայաստանը, փաստորեն, պայքար է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Այստեղ է վճռվում Փարիզի, Լոնդոնի ճակատագիրը, Վաշինգտոնի, Մոսկվայի, Թեհրանի, Պեկինի, Դելիի ճակատագրերը մոտակա տարիների ընթացքում, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր քաղաքականության նպատակը ոչ միայն Արցախն ու Հայաստանն են: Եթե նրանք հասնեն իրենց նենգ և անմարդկային նպատակներին, ապա Բոսֆորից մինչև ույգուրական տարածքներ կստեղծվի ահաբեկչական խալիֆայություն: Կսկսվի ներթափանցումը Արևմտյան Եվրոպա և Ամերիկա: Սա լավ հասկանում ենք, և մենք, անկախ նույնիսկ բարդ փոխհարաբերություններից մեծ տերությունների միջև, տեսնում ենք կոնսոլիդացված մոտեցում այս հարցում»,- ասաց Բաբայանը:
Արցախի նախագահի խորհրդականն ընդգծեց, որ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հրապարակել է պաշտոնական մամլո հաղորդագրություն, որում նշվում է, որ մեծ վտանգ կա ահաբեկիչների ներթափանցման համար դեպի Ռուսաստան: Բաբայանն ասաց, որ դա այն է, ինչի մասին իրենք խոսել են 5-6 օր առաջ:
«Ու նաև այն, որ նրանք պատրաստվում են հարվածել Սիրիայում ահաբեկիչների հենակետերի, նշանակում է, որ, իսկապես, արդեն նոր որակ է ստանում նաև համաշխարհային կոալիցիայի աշխատանքը, որովհետև այսօր հարվածելու են Սիրիայում ահաբեկիչներին, վաղը, հարյուր տոկոսով, հարվածելու են մեր տարածաշրջանում տեղակայված ահաբեկիչների ճամբարներին: Ինչն ինքնին ցույց է տալիս, որ միջազգային հանրության դիրքորոշումը և քայլերն արդեն նոր որակ են ստանում»,- ասաց Բաբայանը: